Քաղաքական

06.02.2022 10:00


Բորիս Բախշիյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Բորիս Բախշիյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի երկուշաբթի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 11-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Սարդարյանը։

Հիշեցնենք, որ Բախշիյանի պաշտպանները միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել, որը, սակայն, մերժվել է, եւ Արղամանյանն է շարունակում քննել ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։

Այս խորագրի վերջին նյութերը