Լրահոս

21.02.2022 17:03


«Ալիևը շատ լավ գիտի՝ ինչ բան է միավորված հայը, նա հայության միավորումից վախենում է». Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)

«Ալիևը շատ լավ գիտի՝ ինչ բան է միավորված հայը, նա հայության միավորումից վախենում է». Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)

1988 թվականի փետրվարի 20-ին՝ 34 տարի առաջ, արցախահայությունը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները, որով էլ հիմք դրվեց արցախյան շարժմանը։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով այդ շարժմանը և հարցին՝ այսօր հայությանն ի՞նչ է խանգարում կրկին ոտքի կանգնելու, նախ ասաց, որ 1921 թվականին, երբ Քաղբյուրոյի որոշմամբ Արցախը տրվեց Ադրբեջանին, անարդարության պտուղները 34 տարի առաջ հասան իրենց գագաթնակետին, որից էլ ծնվեց Արցախյան շարժումը։

«Այստեղ կարևոր է նշել, որ ամբողջ այդ ժամանակաշրջանում փորձերը՝ Արցախը վերադարձնելու ԽՍՀՄ կազմ, տեղի էին ունենում, բայց 1988 թվականին, երբ ԽՍՀՄ-ն արդեն փլուզվում էր, հայությունը որոշեց, որ իր ճակատագիրն ինքնուրույն պետք է որոշի, և տեղի ունեցավ այն, ինչ մենք կոչում ենք համազգային շարժում։

Տեսականորեն որևէ անհնարին բան գոյություն չունի, այստեղ խնդիրը նպատակադրումն է և այդ նպատակին համապատասխանող ռեսուրսների և հնարավորությունների հայթայթումը։ Եթե այսօրվա հայությունը հնարավոր է համարում և նպատակ է դնում, նաև ձգտում է վերականգնել այն, ինչ մենք կորցրեցինք մեկ տարի առաջ, այդ ուղղությամբ, իհարկե, պետք է աշխատել, որովհետև որևէ մեկը դա մեզ չի բերելու ու նվիրի։ Անկախությունը հենց այնպես չի ընկնում որևէ մեկի գլխին, դա ուժ է, ռեսուրս է, որը պետք է ծախսվի, ներդրվի՝ այդ անկախությունը և հեղինակությունը ձեռք բերվի, որովհետև մենք երկուսն էլ կորցրել ենք։ Անհնարին ոչինչ չկա, ընդամենը պետք է աշխատել այդ ուղղությամբ»,-նշեց Արմինե Ադիբեկյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, որ եթե Հայաստանում որոշեն ռևանշի գնալ, ապա ինքը գործի կդնի իր «երկաթե բռունցքը», և հարցին՝ արդյո՞ք Ալիևը վախեր ունի, որ Հայաստանում կարող է կրկնվել 1988 թվականի զարթոնքը, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց՝ այո՛, Ալիևն ունի նման մտավախություններ։

«Ալիևը շատ լավ գիտի՝ ինչ բան է միավորված, նպատակաուղղված և մոտիվացված հայը, որն ունի նպատակ և հասնում է իր նպատակին։ Եթե ուշադրություն եք դարձրել, հայ ժողովուրդը ջախջախվել է, պարտություն է կրել և զոհեր է ունեցել միայն այն ժամանակ, երբ պառակտված է եղել, երբ նրան ներսից իրար դեմ են հանում։ Միայն այդ պարագայում է հնարավոր լինում հայ ժողովրդին հաղթել։ Իհարկե, Ալիևն անելու է ամեն ինչ, որ այդ պառակտվածությունը և հեռացումը գնալով խորանա, որ հայերը ցրվեն աշխարհով մեկ, փոշիանան և այս տարածքը ազատեն կամ այս տարածքում ապրեն՝ միմյանց ատելով կամ վախենալով։ Իհարկե, Ալիևը վախենում է հայության միավորվելուց, և հայը նրա համար պոտենցիալ վտանգ է, հայն այս տարածքների, այս մշակութային, պատմական շերտի պահանջատերն է և պերմանենտ ապացույց է նրա, որ ադրբեջանցիներն այս տարածքում եկվորներ են և ցեղասպանագործ»,-հավելեց Արմինե Ադիբեկյանը։

Ի դեպ, Արմինե Ադիբեկյանի հետ 168.am-ը զրուցել է Ստեփանակերտում՝ փետրվարի 20-ին։

Մանրամասները տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը