Աշխարհ

23.02.2022 20:10


Ճապոնիան կգործարկի ջրածնով աշխատող առաջին գնացքը

Ճապոնիան կգործարկի ջրածնով աշխատող առաջին գնացքը

Ճապոնիայի ամենամեծ երկաթուղային ընկերությունը՝ East Japan Railway Co-ն, մարտին կփորձարկի երկրում առաջին գնացքը, որը կաշխատի ջրածնային վառելիքով, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։

Ճապոնիայում առաջին ջրածնային գնացքը նախատեսում են գործարկել 2030թ., առևտրային փոխադրումների համար։ «Hybari» երկվագոն գնացքը ստեղծել է East Japan Railway ճապոնական հսկան՝ Toyota Motor-ի և Hitachi կոնգլոմերատի հետ համատեղ։ Գնացքի արժեքը կազմել է 4 մլրդ իրեն (35 մլն դոլար)։ Ջրածնի մեկ լիցքավորմամբ գնացքը կարող է անցնել 140 կիլոմետր՝ ժամում 100 կիլոմետր առավելագույն արագությամբ։ Երկաթուղային ընկերությունը նախատեսում է ջրածնային գնացքներով փոխարինել իր դիզելային պարկը։ Նախատեսվում է նաև արտահանել դրանք։

Ճապոնիան ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է մինչև 2050թ. վերացնել կախվածությունն ածխածնից։ Ջրածինը այդ նպատակին հասնելու կարևորագույն տարրն է դարձել, քանի որ էներգիայի մաքուր աղբյուր է։ Ճապոնական Toyota ավտոարտադրողը մտադիր է տասն անգամ ավելացնել Mirai ավտոմեքենաների արտադրությունը, որոնք աշխատում են ջրածնային վառելիքով, իսկ Iwatani Corp. և Kawasaki Heavy Industries Ltd էներգետիկական ընկերությունները փորձում են օպտիմալացնել ջրածնի լոգիստիկան՝ նվազեցնելու համար ջրածնի գինը։ Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2050թ. ավելացնել ջրածնի օգտագործման ծավալը՝ հասցնելով 20 մլն տոննայի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը