Աշխարհ

27.02.2022 17:35


Ուկրաինական կողմից տեղեկություն է ստացվել Գոմելում բանակցությունների հաստատման մասին

Ուկրաինական կողմից տեղեկություն է ստացվել Գոմելում բանակցությունների հաստատման մասին

Ուկրաինան համաձայնել է ՌԴ–ի հետ բանակցություններ վարել Բելառուսում, Գոմելի շրջանում։ Այսօր լրագրողներին հայտնել է պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով արդեն մի քանի ժամ գտնվում է Գոմելում` սպասելով ուկրաինական կողմի պատվիրակության արձագանքին։

«Մենք արդեն պատրաստվում էինք մեկնել Գոմելից, բայց ուկրաինական կողմից տեղեկություն ստացանք բանակցությունների հաստատման մասին, որոնք կանցկացվեն հենց այստեղ։ Հիմա մշակվում է երթուղին, ընտրվում է առավել արդյունավետ տեղը, որտեղ ապահովված կլինի առավելագույն անվտանգություն ուկրաինական կողմի համար։ Մենք երաշխավորում ենք ուկրաինական կողմի երթուղում 100-տոկոսանոց անվտանգությունը ու որոշված տեղում կսպասենք ուկրաինական պատվիրակությանը»,-լրագրողների հետ զրույցում հայտնել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Նա ասել է, որ բանակցությունների հստակ ժամ հայտնի չէ, վստահեցրել է, որ ռուսական կողմը պատրաստ է սպասել` միաժամանակ հիշեցնելով, որ յուրաքանչյուր ժամի արժեքը մարդկային կյանքեր են` խաղաղ բնակիչների և ուկրաինացի զինվորների։

Հիշեցնենք` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս և Գոմելում պատրաստ սպասում է ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելուն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։

Ռուսական կողմը Ուկրաինային մինչև 15։00 ժամանակ էր տվել` բանակցությունների առաջարկին արձագանքելու։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը