Աշխարհ

29.03.2022 19:10


Կինը ամուսնալուծվել և ինքն իր հետ է ամուսնացել

Կինը ամուսնալուծվել և ինքն իր հետ է ամուսնացել

Նիդեռլանդների Վուրբուրգ քաղաքի բնակչուհին ամուսնալուծվել և մեկ տարի անց որոշել է ինքն իր հետ ամուսնանալ, հայտնում է Metro-ն։

Երկու երեխաների մայր, 32-ամյա Շառլոտ Զում Վերդե Սիվ Վերդինգը պատմել է, որ 2020թ․ ամուսնալուծվել է և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմամբ զբաղվող ընկերություն է ստեղծել: Նրա խոսքով, այս նախաձեռնությունն իրեն օգնել է գիտակցել սեփական արժեքն ու անկախությունը։

Վերդինգը խոստովանել է, որ մի անգամ նայել է առանց մատանու իր մատնեմատին և որոշել է իր հետ ամուսնանալ, որովհետև համարել է, որ միայն այդպիսի ամուսնությունը կարող է մինչև կյանքի վերջը տևել։ 2021թ․ հուլիսին հոլանդուհին ինքն իրեն ամուսնության առաջարկ է արել և երեք ամիս անց ամուսնացել։

Կինը գնել է սպիտակ ոսկուց մատանի՝ երեք թանկարժեք քարերով, որոնք խորհրդանշել են իրեն՝ Վերդինգին և իր երկու երեխաներին։ Նա հարսանիքը կազմակերպել է տանը և հրավիրել է ութ հոգու։ Հոլանդուհին տոնի վրա մոտ 400 եվրո է ծախսել՝ գնել է ծաղիկներ, զգեստ, թագ, մոմեր, ինքն է տորթ պատրաստել ու սեղան գցել։

Արարողության ժամանակ Վերդինգն ինքն իրեն երդվել է։ «Ես երդվում եմ հավատարիմ լինել ինքս ինձ, ընդունել իմ մարմինը և իմ անհատականությունը՝ անկախ ուրիշների ցանկություններից: Ես երդվում եմ շարունակել փորձել նոր բաներ, նույնիսկ եթե դա ինձ վախեցնում է, որպեսզի կարողանամ նոր փորձ ձեռք բերել և զարգանալ: Ես երդվում եմ ուրիշներից անկախ մնալ, որպեսզի պահպանեմ ինքնագնահատականս: Ես երդվում եմ ինձ թույլ տալ սխալվել և ներել ինքս ինձ»,-խոստացել է նա:

Ընկերներն ու հարազատները աջակցել են հոլանդուհուն և հաճույքով մասնակցել նրա տոնին։ Կինն ասել է, որ չնայած ինքն իր հետ է ամուսնացել, բաց է նոր հարաբերությունների համար, բայց այս անգամ համաձայն է լինել միայն այն մարդու հետ, ով ավելի շատ ուրախություն ու լույս կբերի իր կյանք և կընդունի իրեն այնպիսին, ինչպիսին է ինքը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը