Աշխարհ

29.03.2022 10:59


Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քրիս Ռոքից

Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Քրիս Ռոքից

Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավար Քրիս Ռոքին հարվածելու համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ դերասանի ինստագրամյան էջին հղումով։

«Ցանկացած տեսակի բռնություն թունավոր է ու կործանարար։ Իմ պահվածքը նախորդ գիշեր արարողության ժամանակ անընդունելի էր ու աններելի»,-գրել է Սմիթը։

Նա ընդգծել է, որ իր հասցեին կատակները լսելը դերասանի աշխատանքի մասն է կազմում, սակայն կնոջ առողջական վիճակի վերաբերյալ դիտարկումը հուզական արձագանք է առաջացրել, ինչն էլ նա չի կարողացել զսպել։

«Ուզում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել քեզնից Քրիս: Ես չափերից դուրս եկա, ես սխալ էի: Ես ամաչում եմ ու իմ գործողությունները չեն արտացոլում այն մարդուն, որը ցանկանում եմ լինել։ Սիրո և բարության աշխարհում բռնությունը տեղ չունի»,-գրել է օսկարակիր դերասանը։

Նա նաև ներողություն է խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից ու ներկաներից, ամբողջ աշխարհի հեռուստադիտողներից, ինչպես նաև Ուիլիամս ընտանիքից և «Ռիչարդ թագավոր» ֆիլմի նկարահանող խմբից։

Հիշեցնենք, որ դերասաններ Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը վիճաբանել էին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ռոքը բեմ էր բարձրացել հայտարարելու «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին:

Իր ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի «զարմանալի, շատ կարճ մազերի» մասին, որը նրան հիշեցրել է «Զինվոր Ջեյն» ֆիլմը։ Ջադա Սմիթը նախկինում խոստովանել է, որ տառապում է ալոպեցիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը հանգեցնում է մազաթափության։ Սմիթը սկզբում զուսպ ծիծաղել է, իսկ հետո բարձրացել է բեմ ու բռունցքով հարվածել Ռոքի դեմքին։ Այդ պահին հեռարձակումն անջատվել է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը