Աշխարհ

31.03.2022 22:25


Կինը ծովափին հին մետաղադրամներով և թանկարժեք քարերով սնդուկ է հայտնաբերել

Կինը ծովափին հին մետաղադրամներով և թանկարժեք քարերով սնդուկ է հայտնաբերել

Մեծ Բրիտանիայի բնակիչուհին ծովափին մետաղադրամներով ու թանկարժեք քարերով հին սնդուկ է հայտնաբերել, հայտնում է Metro-ն։

38-ամյա Ջենի Ֆիցջերալդը պատմել է, որ ընտանիքի հետ Նորֆոլկ կոմսության լողափը մաքրելիս ոտքը դեմ է առել ավազի մեջ թաղված սնդուկի։ «Ես զանգահարեցի ամուսնուս և ասացի, որ ինչ-որ զարմանալի բան եմ գտել, բայց նա միայն պատասխանեց. «Օ, ոչ, մի հատ էլ այդ աղբը»»,-հիշում է նա: Ծանր գտածոն ստիպված է եղել քարշ տալ առանց նրա օգնության։

Ֆիցջերալդը և իր երեխաները ատամի խոզանակներով քերել են սնդուկի վրայի ավազը: Հետո նրանց հաջողվել է վնասված հատակի միջով հասնել դրա պարունակությանը: Ներսում մոտ հարյուր հատ մետաղադրամ է եղել, հիմնականում՝ վիկտորիանական և Բրիտանիան 18-րդ դարի վերջին կառավարած թագավոր Գեորգ III-ի ժամանակներից։ Որոշ մետաղադրամներ, ըստ կնոջ խոսքերի, միջնադարյանի և հին հռոմեականի տեսք են ունեցել: Սնդուկում եղել են նաև թանկարժեք քարեր, ժանգոտած գրպանի ժամացույց, օծանելիքի հին սրվակ, կնիքով մատանի և լուցկու արծաթե տուփ, որի վրա փորագրված է եղել «Էռնեստ» անունը։

«Ես երբեք նման բան չեմ տեսել ծովափին»,-խոստովանել է Ֆիցջերալդը: «Ես սովորաբար ծովային ապակիներ և խեցիներ եմ փնտրում, ուստի անհավատալի էր նման բան գտնելը»: Նա գտածոներն ուղարկել է փորձագետներին, որոնք կարող են որոշել դրանց արժեքը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը