Աշխարհ

02.04.2022 12:31


Չինաստանը կշարունակի առևտուրը Ռուսաստանի հետ, բայց չի օգնի շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները

Չինաստանը կշարունակի առևտուրը Ռուսաստանի հետ, բայց չի օգնի շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները

Չինաստանը մտադիր չէ որևէ հատուկ քայլ ձեռնարկել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար, Պեկինը կշարունակի նորմալ առևտրային հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և մյուս երկրների հետ, լրագրողներին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության՝ Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Վան Լուտունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք որևէ հատուկ բան չենք անի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար»,-ասել է նա նախօրեին կայացած Չինաստան-ԵՄ գագաթնաժողովին նվիրված ճեպազրույցի ժամանակ:

Վան Լուտունն ասել է, որ «դա չպետք է անդրադառնա այլ երկրների հետ Չինաստանի նորմալ տնտեսական համագործակցության վրա»՝ նշելով, որ Եվրոպան շարունակում է առևտուրը Ռուսաստանի հետ, ուստի պատժամիջոցները «չպետք է ազդեն Մոսկվայի հետ Չինաստանի նորմալ առեըտրային հարաբերությունների վրա»։

Դիվանագետը հիշեցրել է, որ «Չինաստանը հակամարտության կողմ չէ», այն իր ներդրումն է ունենում համաշխարհային առևտրի զարգացման գործում և հետևողականորեն դեմ է պատժամիջոցների կիրառմանը։

Վան Լուտունը նշել է, որ Չինաստանը միշտ հանդես է եկել բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով բոլոր հակամարտությունների կարգավորման օգտին, իսկ Պեկինը ողջունում է ռուս-ուկրաինական բանակցությունները։ Միաժամանակ նա ասել է, որ չի կարելի գերագնահատել Ռուսաստանի վրա ազդելու Չինաստանի կարողությունը. պետք չէ մտածել, որ եթե Պեկինը Մոսկվային խնդրի դադարեցնել ռազմական գործողությունները, ապա ՌԴ կլսի իրեն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը