Աշխարհ

04.04.2022 16:11


«Ֆեյքային գրոհ» ընդդեմ ՌԴ-ի. Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը «բեմադրություն» է որակել

«Ֆեյքային գրոհ» ընդդեմ ՌԴ-ի. Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը «բեմադրություն» է որակել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» է որակել։ Նրա խոսքով, այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է Ուկրաինայում և Արևմուտքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Օրերս հերթական ֆեյքային գրոհն է իրականացվել Կիևի մարզի Բուչա քաղաքում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հեռացել են այնտեղից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մի քանի օր անց այնտեղ բեմադրվել է բեմադրություն, որը տարածվել է բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով Ուկրաինայի ներկայացուցիչների և նրանց արևմտյան հովանավորների կողմից»,-հայտարարել է Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ բանակցություններում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ռուս զինվորականներն ամբողջությամբ լքել են քաղաքը մարտի 30-ին։

«Մարտի 31-ին ([Բուչայի) քաղաքապետը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ ամեն ինչ կարգին է, և երկու օր անց մենք տեսանք, թե ինչպես են փողոցներում կազմակերպվում բեմադրությունը, որն այժմ փորձում են օգտագործել հակառուսական նպատակներով»,-հավելել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան Բուչայում տիրող իրավիճակը դիտարկում է որպես միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սադրանք, և պահանջելու է, որ Բրիտանիան, որը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս թեմայով հանդիպում կազմակերպի։

ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ լքել է Կիևի շրջանի Բուչա քաղաքը մարտի 30-ին, և «հանցագործությունների ապացույցները» հայտնվել են միայն չորրորդ օրը, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ժամանել են այդ տարածք: Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ մարտի 31-ին քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկն իր տեսաուղերձում հաստատել է, որ Բուչայում ռուս զինվորներ չկան՝ չնշելով փողոցներում կապկպած գնդակահարված տեղի բնակիչների մասին։

Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։

Ուկրաինայի իշխանությունները ռուսական ուժերին մեղադրել են ռազմական հանցագործություններ կատարելու համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը