Մեկնաբանություն

28.07.2011 16:07


«Երկխոսական» առաջարկ

«Երկխոսական» առաջարկ

Իշխանություն–ՀԱԿ գյալաջիի մասնակից, ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանը դեմ է արտահայտվել քննարկումներն ուղիղ եթերով հեռարձակելուն, բայց փոխարենը խոստացել է, որ եթե որևէ հեռուստաընկերություն իշխանության ներկայացուցչին հրավիրի եթեր, ապա այդ ներկայացուցիչը կընդունի «ազատ, բայց սերժատու» TV–ի հրավերքը միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ եթերում խոսելու հնարավորություն է ունենալու նաև ՀԱԿ–ը ներկայացնող գործիչը։

Փաստորեն, Սերժ Սարգսյանն արտոնյալ պայմաններով գովազդվելու հնարավորություն է տալիս Լևոն Տեր–Պետրոսյանին և իր թիմին։ Այսինքն, մենք գործ ունենք իշխանության կողմից «ՀԱԿ–ն է միակ ու անկրկնելի ընդդիմությունը» փուչիկի փչման հետ։

Պարզից էլ պարզ է, որ իշխանությանը ձեռնտու է իր «երկխոսացված մրցակցի» համար բարենպաստ պայմաններ ստեղծելը, քանի որ սիամական երկվորյակների վերածված սերժալևոնական նեղ շրջանակը պատրաստվում է կյանքի կոչել «Եղիազար Այնթապցին ու էջմիածնական միաբանները» համագործակցության ծրագիրը։

Ինչ վերաբերում է Դ. Հարությունյանի առաջարկած եթերահավասարության սկզբունքին, ապա մեր կողմից առաջարկում ենք ավելի խորացնել այն և ընդլայնել հավասարություն ապահովելու տիրույթները։

Օրինակ՝ եթե իշխանության ներկայացուցիչներին հրավիրեն ռեստորան քյաբաբ ուտելու կամ սաունա՝ լողանալու, ապա իշխանության այդ ներկայացուցիչը թող ճշտի՝ արդյոք նույն հրավերն ուղարկվե՞լ է ՀԱԿ ներկայացուցչին, և միայն դրական պատասխան ստանալուց հետո գնա ստամոքսը լցնելու կամ սաունայում թուլանալու։ Ծայրահեղ դեպքում՝ քյաբաբ ուտելու հրավերն ընդունած իշխանավորը, առանց ՀԱԿ–ի համանման հնարավորության առկայության, կարող է ընդառաջ գնալ իր ստամոքսի «կանչին»՝ պայմանով, որ իրեն մատուցած քյաբաբի քանակության հալալ կեսը ռեստորանից տանելու է հետը և պահի այդ ազգային ուտեստը մինչև Կառավարության ընդունելությունների տանը ՀԱԿ–ի հետ հերթական հանդիպումը, որպեսզի տեղում հյուրասիրի առաջին պատահած «արմատականի» և կողմերը հայտնվեն «իրավահավասար» վիճակում։

Հավասարության սկզբունքը պահպանելու համար ճիշտ կլինի նաև, որ իշխանության ներկայացուցիչը խանութից վերնաշապիկ գնելու դեպքում վաճառողից ճշտի՝ արդյոք ՀԱԿ–ից այդ նույն վերնաշապիկից գնե՞լ են, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ կոնգրեսականներից որևէ մեկը տվյալ պահին ցանկություն կամ հնարավորություն չի ունեցել նոր վերնաշապիկ վերցնելու, ապա այդ դեպքում իշխանավորը նույնպես պետք է բավարարվի հին վերնաշապիկով, մինչև «կոնտր–ագենտ» կողմը զբաղվի «շոպինգով»։

Այս շարքը կարելի երկար ներկայացնել, բայց կարծում եմ, որ միտքը հասկանալի է՝ ապահովել հավասար պայմաններ «երկխոսողների» միջև։

Կարծում եմ նաև, որ օգոստոսի 4–ին սպասվող «Տուֆտա» սերիալի հերթական սերիայի ժամանակ պետք է առաջինը հենց այս առաջարկները քննարկման առարկա դառնան և կողմերը պետք է աշխատակարգային որոշում ընդունեն վերը նշված մոտեցումների վերաբերյալ։

Մեր այս «շինիչ» առաջարկներն ընդունելու դեպքում՝ «երկխոսող» կողմերի միջև, իրոք, կպահպանվի իրավահավասարության սկզբունքը, և Սերժ Սարգսյանի ձեռքբերում համարվող «ընդդիմությունը» կշարունակի նորանոր հաղթանակներ գրանցել իշխանության հետ անհաշտ պայքարում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը