Լրահոս

22.04.2009 14:43


«Ջավախքը նոր մարտահրավերներին ընդառաջ» նշանաբանով խորհրդաժողովի բանաձևը

Ընդունված է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների կազմակերպած «Ջավախ­քը նոր մարտահրավերներին ընդառաջ» նշանա­բա­նով խորհրդա­ժողովի կողմից:

21 ապրիլի 2009 թ., ք. Ախալքալաք

Խորհրդաժողովը, նպատակ ունենալով՝

- նպաստելու Վրաստանի պետականության ամրապնդմանը, ժողովրդավարական դրույթների լիիրավ ներդրմանն ու կիրառմանը,

- օժանդակելու Վրաստանի պետական կառուցվածքի ամենանպաս­տավոր ձևի մշակման եւ ճշտման գործընթացներին,

- մասնակցելու տեղական ինքնակառավարման և կառավարման ձևերի վերակազ-մավորմանն ու զարգացմանը,

- մասնակցելու պետաիրավական բոլոր ոլորտներում ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբերի ինտեգրացմանը, ազգային խտրականության տարրեր պարունակող գործողությունների վերացմանը,

- Սամցխե-Ջավախքում խնդիրների համապարփակ լուծման միջոցով նպաստելու Վրաստանում ներքին ինտեգրացման օբյեկտիվ գործըն­թացի կայացմանը, երկրում բնակվող տարբեր ազգերի փոխհանդուր­ժո­ղականության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանմանն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը,

- նպաստելու հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված բոլոր գործընթացներին:

Խորհրդաժողովը փաստում է, որ՝

- Վրաստանի գործող Սահմանադրությունը նախատեսում է դաշնային պետության կառուցվածք՝ երկպալատ խորհրդարանով, կազմված՝ Հանրապետության Խորհուր­դից եւ Ծերակույտից. վերջինիս անդամները կընտրվեն Վրաստանի բաղկացուցիչ ինքնավարություն­ներից եւ տարածքային միավորներից։ Միաժամանակ, գործող Սահմանադրության մեջ երկրի պետական կառուցվածքի մասին ամբողջական սահմանման բացակայությունը ուղղակիորեն խոչընդոտում է երկրում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման ընթացքին,

- Վրաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված տեղական ինքնակառավարման վերաբերյալ դրույթները իրականում չեն բավարարում ներկայացվող պահանջներին և կիրառվում են ոչ լիարժեք,

- տեղական ինքնակառավարման և կառավարման առկա համակարգում չի հարգվում ազգերի իրավահավասարության սկզբունքը,

Խորհրդաժողովը, մտահոգված լինելով, որ՝

- Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամաս­նությունների նկատ­մամբ խտրական մոտեցումը կվնասի Վրաստանի միջազգային հեղինակությանն ու երկրում ժողովրդավարության զարգացմանը, որը կարող է ի չիք դարձնել պետու­թյանն իրենց հավատարմությունը բազմիցս ապացուցած ազգերի և ազգություն­ների,այդ թվում նաև հայերիս, քաղաքակիրթ գործելաոճը,

- Վրաստանի պետական կառուցվածքում ազգային փոքրամաս­նությունների նկատմամբ խտրական մոտեցումը կարող է դառնալ ծառացած տարաբնույթ խնդիրների քննարկման և լուծման ոչ քաղաքակիրթ մեթոդների անուղղակի խրախուսման միջոց,

 - իրավահավասարության սկզբունքի վրա խարսխված պետական քաղաքա­կանության բացակայությունը կարող է անդառնալի հարված հասցնել հասարակու­թյան մեջ ազգային փոքրամասնությունների ինտեգրացման ձգտումներին,

- խնդիրների լուծման ոչ ամբողջական ձևերը կամ ձգձգումները կարող են առաջացնել նոր և անցանկալի լարվածություն,

Խորհրդաժողովը անհրաժեշտ է համարում Վրաստանի իշխանությունների եւ Խորհրդարանի կողմից հետեւյալ քայլերի իրագործումը՝

         ա/ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և գերիշխանությունը վերականգնելու ու պահպանելու, որպես կայուն և ժողովրդավար զարգացման երաշխիք՝ առկա ազգամիջյան խնդիրները օբյեկտիվ, արդարացի և իրավականորեն լուծելու նպատակով որպես Վրաստանի պետական կառուցվածք՝ Սահմանադրության մեջ լրամշակել պետական դաշնային (ֆեդերալ) կառուցվածքի բաժինը։ Վրաստանի դաշնային պետական կառուցվածքր կկազմվի կենտրոնական իշխանությունից և դաշնային-տարածքային միավորներից:

         բ/ Վրաստանի պետական դաշնային կառույցում կենտրոնական իշխանություն­ներին վերապահել Վրաստանի Սահմանադրության հոդված 3-ի առաջին կետի ենթակետերով սահմանված բոլոր լիազորությունները.

         գ/ Դաշնային-տարածքային միավորների եւ ինքնավարությունների կազմության հիմք ընդունել Վրաստանի բաղկացուցիչ, համախումբ ապրող ազգությունների էթնիկական ինքնության պահպանման և զարգացման համար ներկայացվող պահանջները.

         դ/ Սամցխե-Ջավախքը, իր ներկա սահմաններով և սահմանակից Քվեմո Քարթլիի առավելաբար հայաբնակ բնակավայրերով՝ օժտել ինքնավար սուբյեկտի (դաշնային-տարածքային միավոր) կարգավիճակով.

         ե/ Դաշնային-տարածքային միավորներին եւ ինքնավարություններին ընձեռել ինքնակառավարման լայն իրավասություն­ներ' ներառյալ սեփական սահմանադ­րություն և խորհրդարան ունենալը, բնակչու­թյան կողմից ինքնակառավարման և կառավարման բոլոր մարմինների ազատ ընտրության իրավունքը' կրթության, մշակույթի, սոցիալ-տնտեսական քաղաքակա­նության, հասարակական կարգի պահ­պա­նության, տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի պահպանության իրավասությունները:

Հավաքի բոլոր մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել բանաձևում առաջադրված կետերին և իրենց համաձայնությունը հայտնել՝ բանաձևը Վրաստանի խորհրդարանին տրամադրելուն:

«Ա-ԻՆՖՈ»

Այս խորագրի վերջին նյութերը