Քաղաքական

13.04.2022 18:11


Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանին ապացույցներ է ներկայացրել․ գործը մտել է դատաքննության փուլ

Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանին ապացույցներ է ներկայացրել․ գործը մտել է դատաքննության փուլ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել դատարանին։ Ըստ նրա՝ 2021 թ․ մարտի 1-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ էր ունենում, Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Փաշինյանն այդ ելույթով խախտել է նրա անմեղության կանխավարկածը։

Նախագահող դատավորն արձանագրել է, որ դատարանին հասկանալի է եղել, որ ներկայացվածն ապացուցում է այն փաստը, որ պատասխանողի ելույթի ժամանակ հայցվորը մեղադրվել է Քր․ Օր․-ի 300․1 հոդվածի առաջին մասով։

Պատասխանող կողմն, իր հերթին, ընդունել է, որ 2021 թ․ մարտի 1-ին Փաշինյանը մի քանի հազար հավաքվածների և ԶԼՄ-ների ներկայությամբ ելույթ է ունեցել և խոսել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների մասին, բայց չի ընդունել, որ այդ ելույթը պետք է զրպարտչական համարվի։

«Նման դեպքերում պատասխանող կողմը դատարան է գալիս ապացուցելու, որ հրապարակային ելույթը ճշմարտություն է, բայց այս դեպքում պատասխանաղը չի պնդում, իր խոսքերը համապատասխանում են իրականությանը։ Մնում է, որ դատարանը ճիշտ գնահատի, թե այդ հրապարակված տեղեկությունները պե՞տք է համարվեն զրպարտչական, թե՞՝ ոչ։ Դատարանին մնում է ներկայացված փաստերը համեմատել օրենքի հետ»,-նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ալումյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնատար անձն իր գնահատականներում պետք է զուսպ ու հավասարակշռված լինի։ «Վարչապետն այնպիսի բաներ է ասել, որ տպավորություն է ստեղծվել, թե 300․1-ով մեղսագրվող արարքներն արդեն հաստատված են։ Այդ տեքստը մենք համարում ենք ոչ միայն զրպարտչական, այլ նաև՝ անմեղության կանխավարկածը խախտող»,-ասել է Ալումյանը։

Գործը մտել է դատաքննության փուլ։ Ապացույցների հետազոտությունը նախատեսված է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։

Այս խորագրի վերջին նյութերը