Մեկնաբանություն

15.04.2022 10:27


Թուրքիայի հերթական հակառուսական գրոհը. Նիկոլը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս ու տարածք բացում

Թուրքիայի հերթական հակառուսական գրոհը. Նիկոլը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս ու տարածք բացում

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հերթական անկեղծացման կամ ինքնախոստովանական ցուցմունք տալու օրն էր։

Շուշիի ինքնախոստովանությունը

Նա խոստովանեց, որ Շուշին հանձնել է։ Ասում է՝ մինչև Շուշին չհանձնվեր, պատերազմը չէր կանգնի։ Համ էլ ասում է, որ ինքն ուզում էր կանգնեցնել պատերազմը։ Եթե սինթեզում ենք Նիկոլի ասածները, ապա ստացվում է, որ Շուշին հանձնվել է հենց Նիկոլի կողմից, որպեսզի պատերազմը կանգնեցվի։ Հետևաբար հարց՝ բա զոհե՞րն ինչու տրվեցին։ Որ չասեն՝ «Նիկոլ դավաճա՞ն»։

Ի դեպ, ՌԴ նախագահ Պուտինը Շուշիի մասով երկու տարի առաջ էր խոսել և տարակուսանք հայտնել, թե ինչու Նիկոլը 2020–ի հոկտեմբերի 19–ին չհամաձայնեց կանգնեցնել պատերազմն այն դեպքում, երբ Արցախի մի չնչին մասն էր ադրբեջանական վերահսկողության տակ անցել ու Շուշին մնալու էր Արցախի վերահսկողության տակ։

Նիկոլը երեկ բացեց փակագծերը՝ խոստովանելով, որ պատերազմը եղել է Շուշիի համար և, փաստորեն, մինչև Շուշին ինքը չհանձներ, չէր կանգնեցվի պայմանավորված պատերազմը։ Արանքում հազարավոր զոհեր եղան, բայց Նիկոլը դրանից վատ չի զգում։ Հանգիստ հայտարարում է, որ կարող էին այդ զոհերը չլինել։

Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու ինքնախոստովանությունը

ԱԺ–ում Նիկոլը նաև աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ինքնախոստովանություն արեց՝ փաստացի հայտարարելով, որ Ռուսաստանին ուզում է այս տարածաշրջանում փոխարինել Թուրքիայով։ Ու որպեսզի արդարացնի անձամբ իր իշխանությանը նպաստող այդ քայլը, տողատակերով մեղադրեց Ռուսաստանին 1915թ. Հայոց ցեղասպանության մեղավոր լինելու մեջ։

Նիկոլն ասում է, թե, իբր, ինքն իր քայլով տարածություն է բացում հայ ժողովրդի համար։ Իրականում նա ի՛ր իշխանության համար է տարածություն բացում։ Նիկոլն ակնկալում է, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով և Ռուսաստանի դեմ դուրս գալով՝ կստանա Թուրքիայի ու Ադրբեջանի, նաև՝ Արևմուտքի աջակցությունը։

Դատելով ամենից՝ նա այդ աջակցությունն արդեն ստացել է, բայց ոչ թե միջազգային հանրություն կոչվածից, այլ Թուրքիայից ու Ադրբեջանից։

Երբ Նիկոլն ասում է, թե, իբր, թույլ չի տա մատաղացու գառ դարձնել հայ ժողովրդին, նրա խոսքերը, ինչպես միշտ, հակառակն են նշանակում։ Նա հենց մատաղացու գառ է ուզում դարձնել հայ ժողովրդին՝ հանուն իր կաշին փրկելու։ Նա ենթադրում է, որ եթե «տարածություն բացվի» Թուրքիայի համար, ապա իր իշխանությունը նրանց միջոցով կպահպանվի։ Թուրքերն առաջադրանքը տվել են՝ դուրս մղել Ռուսաստանին։ Դրա լավագույն տարբերակը գտել է Նիկոլը՝ համաձայնում է Արցախը հանձնել Ադրբեջանին և վերջ։ Դրանից հետո ռուս խաղաղապահների դերակատարումն անհնարին է դառնում Արցախում, Արցախը հայաթափվում է, ՀՀ քաղաքացիների մոտ խիստ հակառուսական տրամադրություններ են առաջանում ու հաջորդ քայլով արդեն հեռացվում է Գյումրիի ռազմաբազան։ Դրանից հետո արդեն ամբողջ Հայաստանը դառնում է միջանցք ու ոտնաման սրբելու տեղ թուրքական աշխարհի համար։ Ահա ա՛յդ տարածության մասին է խոսում Նիկոլը։ Նա գործարքի մեջ է մտել Թուրքիայի հետ՝ «Իշխանական աթոռ՝ Արցախը հանձնելու, Հայաստանը պոլի շոր դարձնելու և Ռուսաստանի դեմ կռիվ տալու դիմաց» թեմայով։

Նիկոլին վռնդելը դառնում է ազգային–ազատագրական պայքարի հիմնական թիրախը։ Նա, ինչպես որ բազմիցս է ցանկություն հայտնել, կկանգնի գնդակահարության պատի տակ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը