Աշխարհ

15.04.2022 13:52


ՌԴ-ն Ուկրաինայի ուժայինների սադրանքներին իր տարածքում կպատասխանի հարվածներով Կիևի օբյեկտներին. ՊՆ

ՌԴ-ն Ուկրաինայի ուժայինների սադրանքներին իր տարածքում կպատասխանի հարվածներով Կիևի օբյեկտներին. ՊՆ

Ռուսաստանն Ուկրաինայի ուժայինների սադրանքներին իր տարածքում կպատասխանի նոր հրթիռային հարվածներով Կիևի օբյեկտներին, հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կիևում օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածների քանակն ու մասշտաբը կավելանան Կիևի ազգայնական վարչակարգի՝ Ռուսաստանի տարածքում ցանկացած ահաբեկչական հարձակումներին կամ դիվերսիային ի պատասխան»,-ասել է նա։

Գերատեսչությունը նշել է, որ այս գիշեր «Կալիբր» ծովային հրթիռը հարվածել է Ուկրաինայի մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Ժուլյանսկի «Վիզար» մեքենաշինական գործարանին։ Հարվածի հետևանքով ոչնչացվել են զենիթահրթիռային համակարգերի արտադրության և վերանորոգման արտադրամասերը։ Տարբեր շրջաններում խոցվել է ընդհանուր 13 ռազմական օբյեկտ:

Բացի այդ, ռուսական «Ս-400» հակաօդային պաշտպանության համակարգը Չեռնիգովի մոտ «Մի-8» ուղղաթիռ է խոցել, որը, ըստ գերատեսչության, ապրիլի 14-ին հարձակում է իրականացրել Բրյանսկի շրջանի Կլիմովո բնակավայրում:

Խարկովի մարզի Լոզովայա բնակավայրի մոտ նաև «Սու-27» կործանիչ է խոցվել։

Վերջին մեկ օրվա ընթացքում Կենտրոնական Ռուսաստանի շրջաններում՝ Ուկրաինայի հետ սահմանին չորս գնդակոծություն է տեղի ունեցել:

Այդպես, նախօրեին ուկրաինական կողմից գնդակոծվել են Բելգորոդի Ժուրավլևկա և Սպոդարյուշինո գյուղերը. նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ տեղի բնակիչներից մեկը թեթև վիրավորվել է, վնասվել են բնակելի շենքեր։

Հարձակում է տեղի ունեցել նաև Բրյանսկի շրջանի Կլիմովո գյուղում և նույն վայրում գտնվող «Նովիյե Յուրկովիչ» սահմանային անցակետում։ Գյուղում տուժել է ութ մարդ, այդ թվում՝ փոքր երեխա և տարեց կին, որոնք ծանր վնասվածքներ են ստացել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը