Լրահոս

18.04.2022 13:10


Ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին

Ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։

Վերջինս կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Շ․ Բագրատյանը Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, ով «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Շ․ Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ ապրիլի 2-ին ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:

Գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:

Ոստիկանությունը ունի նաև տեղեկություններ, որոնք ճշտվում են, որ տնօրենին ծեծի ենթարկողների մեջ շոշափվում է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի որդու անունը, ով նաև հիմնական դերակատարներից է եղել և նա է մետաղական ձողով հարվածել գազալցակայանի տնօրենին:

Այս խորագրի վերջին նյութերը