Քաղաքական

19.04.2022 14:11


Ադրբեջանցի օգտատեր Elnur-ն արդեն համոզվել է, որ Փաշինյանն իրենց գործակալն է, իսկ Ղարաբաղը Մոսկվան չի թողնում, որ հանձնվի Ադրբեջանին

Ադրբեջանցի օգտատեր Elnur-ն արդեն համոզվել է, որ Փաշինյանն իրենց գործակալն է, իսկ Ղարաբաղը Մոսկվան չի թողնում, որ հանձնվի Ադրբեջանին

Այս տեսակետը կամաց-կամաց դառնում է գերիշխող ադրբեջանական հանրային միջավայրում: Ադրբեջանական քաղաքական վերնախավը Նիկոլ Փաշինյանի վերջին «պատմական» հայտարարությունից հետո նրան դիտարկում է որպես գործընկեր: Քանզի առաջին անգամ Հայաստանի անկախացման 30 տարվա ընթացքում հայ ղեկավարը Հայաստանի հանրության առջև առաջ է քաշում այն թեզը, թե Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում:

Նման տեսակետ երբեք չեն հայտնել ոչ ՀՀ 2-րդ, և ոչ էլ 3-րդ նախագահները: Լևոն Տեր-Պետրոսյանը նման միտք հայտնեց 1992-ին՝ որպես հնարավոր տարբերակ, ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Սակայն, երկրի բարձ ամբիոնից ոչ ոք նման միտք չէր հայտնել:

Հենց այս հանգամանքն է ուրախացրել ադրբեջանցիներին: Այստեղ ենթադրում են, որ Փաշինյանի հետ, ամենայն հավանականությամբ, «աշխատել են» թուրքերը, որպես նախապայման դնելով հայ-թուրքական սահմանի բացման դիմաց:

Թուրքական շրջանակները նշում են, որ Փաշինյանի խորհրդականներից է հայտնի արցախաֆոբ Ժիրայր Լիպարիտյանը, ով հատուկ հանձնարարականներով է գործում, մասնավորապես՝ հայ-թուրքական մերձեցման ուղղությամբ:

Հետաքրքիր է, որ Փաշինյանի մտածողության էվոլյուցիան արցախյան հարցում շատերը արհեստածին են համարում:

Հատկապես նշում են այն հանգամանքը, որ Փաշինյանին 2018-ին իշխանության բերեցին Մոնթե Մելքոնյանի կերպարին նմանակելով, որպեսզի նա կարողանա «լուծել» Արցախի հարցը, արդեն հայկական ազգային հերոսի կերպարի մեջ տեղավորելով նրան:

Շատ թուրք վերլուծաբանների կարծիքով, Փաշինյանն արդեն 2018-ին պետք է հանդես գար նման առաջարկով, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում: Ավելին, Փաշինյանը 2018-ի ամռանը նույնիսկ հանրությանը խոստացավ հանրաքվե անցկացնել այդ հարցի շուրջ: Նույն փորձագետների կարծիքով, հանրաքվեի մասին նա այն ժամանակ խոսեց հենց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, Լիպարիտյանի և մյուս շահագրգիռ շրջանակների համար:

Հենց այդ ժամանակ էր, որ առաջ եկավ նաև 5 մլրդ՝ Արցախի «գրավյալ և անպետք» տարածքների հետ փոխանակման հարցը: Եվ զարմանալի չէր, որ 2019-ի հունվարին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն արդեն խոսում էր գրեթե կայացած համաձայնության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Սակայն հենց այդ ժամանակ ինչ-որ բան փոփոխվեց և Փաշինյանը կրկին վերադարձավ կտրուկ և կոշտ հռետորաբանությանը: Ավելին, նույն տարվա ամռանը Ստեփանակերտում նա հռչակեց «Արցախը Հայաստան է և վերջ» իր հայտնի կարգախոսը, որով ստացավ արցախցիների աջակցությունը, սակայն դրա հետ միասին փաստացի հրաժարվեց Բոլտոն-Լիպարիտյան ծրագրից:

Որից հետո բանակցային գործընթացը փաստացի կանգ առավ, հետո եղան 2020-ի ամառվա տավուշյան դեպքերը և որից հետո եկավ արցախյան երկրորդ պատերազմը:

Այս չորս տարվա ընթացքում ադրբեջանցիների և թուրքերի մոտ վեճ էր ընթանում, թե ով է իրականում Նիկոլ Փաշինյանը, և ինչու է նա հանդես գալիս իրար հակասող հայտարարություններով:

Վերջում նրանք եկան այն եզրակացության, որ Փաշինյանը կայուն տեսակետ չունեցող պոպուլիստ է, ում հետաքրքիր չէ խնդրի այս կամ այն լուծման բովանդակությունը: Նրան հետաքրքիր է ոչ թե խնդրի լուծման բովանդակությունը, այլ դրա ձևը: Ավելին, նրան ավելի շատ հետաքրքիր է, թե այս կամ այն լուծման արդյունքում նա կմնա՞ իշխանությանը, թե՞ ոչ:

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ, թուրքական շրջանակները փորձում են «աշխատել» Փաշինյանի հետ, որպեսզի նրան ավելորդ անգամ չխրտնացնեն իրենց համար «ճիշտ» լուծումներից:

Պետք է նշել, որ թուրքերը զուգահեռաբար աշխատում են ոչ միայն հայաստանյան ուղղությամբ, այլև ակտիվորեն գործում են ռուսական և ամերիկյան ուղղություններով, որպեսզի «հեշտացնեն» Փաշինյանի համար «վճռական» որոշում կայացնելու համար խնդիրը:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը