Քաղաքական

23.04.2022 12:46


Ալիևի հայտարարությունը շատ ուշագրավ է՝ փաստացի իր աջակցությունն է հայտնում Փաշինյանին. Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

Ալիևի հայտարարությունը շատ ուշագրավ է՝ փաստացի իր աջակցությունն է հայտնում Փաշինյանին. Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան օրեր շարունակ Ազատության հրապարակում է, որովհետև չի պատկերացնում, թե այս իրավիճակում էլ որտեղ կարող է լինել:

«Եթե մենք խոսում ենք Արցախի և Հայաստանի առջև ծառացած վտանգների մասին, ահազանգում և բարձրաձայնում ենք այդ խնդիրները, էլ որտե՞ղ պետք է լինենք: Տանը՝ համակարգչի դիմաց նստած, ես ինձ այլևս չեմ տեսնում: Եթե կա գործողություն, ես այդ գործողության մաս եմ դառնում, որովհետև շատերը դժգոհում էին, բողոքում էին, որ որևէ գործողություն չի արվում, փաստացի այսօր շատ հետաքրքիր մթնոլորտ է Ազատության հրապարակում: Այսօր տարբեր խմբեր մի գաղափարի շուրջ հավաքվել են Ազատության հրապարակում, բայց ամեն մեկը իր համակիրների, իր զինակիցների խմբով իր բողոքի ձայնն է բարձրացնում: Ցանկացած մարդ այսուհետ, որը ուզում է իր բողոքի ձայնը բարձրացնել, բայց չի ուզում, օրինակ, քաղաքական ուժերին միանալ, ունի հնարավորություն դա այլ ձևով արտահայտելու: Այս պահից սկսած ակնհայտ է, որ երբ ասում են՝ այստեղ այս մարդն է կանգնած, այնտեղ՝ այն մարդը, այստեղ չեմ գնա, այնտեղ չեմ գնա, արդեն բազմաթիվ հնարավոր այլ տարբերակներ կան, նույնիսկ՝ զոհված տղաների ծնողներն են Ազատության հրապարակում, կարելի է գնալ՝ աջակցել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նշեց, որ քաղաքական ուժերին պատճառ բերող և փողոց դուրս չեկող մարդկանց բացատրում է, որ կարող են միանալ, օրինակ՝ հացադուլ անող տղաներին, մասնակցել նրանց ստորագրահավաքին. «Նրանք անկախության սերնդի ձայնն են փորձում բարձրացնել, և իրենց դա հաջողվեց: Երբ ինձ ասում են, որ ոչ մի բան չի ստացվի, ես ասում եմ՝ այդ տղաների մոտ արդեն ստացվել է, իրենք ահռելի մեծ գործ են արել, արդեն կարողացել են շարժել հանրային տրամադրությունները, ապատիայից մարդկանց հանել»:

Էլիբեգովայի խոսքով՝ Փաշինյանի վերջին ելույթներից հետո մարդիկ այլևս պատրանքներ չունեն. «Տարօրինակ կլինի, եթե լինեն մարդիկ, որոնք ունենան պատրանքներ, թե ինչ է պլանավորվում Արցախի շուրջ: Ե՛վ այդ կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ խոսակցությունները, և՛ հողեր հանձնելու շուրջ՝ առանց զոհերի, որոնք կարող էին չլինել և «սխալվեցին», այդ ամբողջ դիսկուրսից հետո փազլը դասավորվեց իր վերջնական կետում, և բոլորին պարզ դարձավ ամեն ինչ, էլ ոչ ոք պատրանքներ չունի»:

Նա նշեց, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղության դարաշրջանը մեր պատկերացրածի հետ կապ չունի. «Իրենց պատկերացրած խաղաղության դարաշրջանում մենք պետք է կամ չլինենք այստեղ, կամ ապրենք կիսաստրուկի կարգավիճակում. Չունենանք ինքնապաշտպանական միջոցներ, բանակ, տնտեսություն, հնարավորություն՝ զարգանալու, որպեսզի հանկարծ մի օր մեր մեջ չառաջանա մեր հողերը հետ բերելու ցանկություն, մնանք միշտ վիզներս ծռած և Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները կատարենք»:

Իլհամ Ալիևը հայտարարել է. «Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են «ռևանշիզմի» մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

Էլիբեգովան հիշեցրեց, որ մեկ տարի է՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, հետևաբար՝ Ալիևն ինչ ասում է՝ անում է. «Այս հայտարարությունը շատ ուշագրավ է՝ Ալիևը փաստացի իր աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ ես քո մեջքին կանգնած եմ, եթե ընդդիմությունը շատ մեծ թափ հավաքի, ես քեզ կօգնեմ, ես կսկսեմ պատերազմ կամ սադրանքներ առաջնագծում, որպեսզի, այսպես կոչված՝ ռևանշիստները, որոնք ուզում են ինձանից Արցախը խլել, դու իրենց կարողանաս հաղթել: Իր մեսիջի պարունակությունը դա է»:

Այս խորագրի վերջին նյութերը