Աշխարհ

03.08.2011 10:29


Էրդողանն ակամա բացահայտում է Թուրքիայից հայկական հողային պահանջները

Էրդողանն ակամա բացահայտում է Թուրքիայից հայկական հողային պահանջները

Անցյալ շաբաթ Հայաստանի նախագահի դեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից բարձրացված հիստերիան նպաստեց Թուրքիայից հայկական հողային պահանջները միջազգային հանրությանը ներկայացնելուն։

Խեղաթյուրելով և չափազանցնելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ հուլիսի 23–ին Ծաղկաձորում մի խումբ աշակերտների հարցերին տրված պատասխանները՝ Էրդողանը մրջյունից փիղ սարքեց։ Յուրաքանչյուրը, ով կարդում է Հայաստանի նախագահի իսկական բառերը, հազիվ թե հավատա, որ դրանք կարող էին պատճառ լինել, որպեսզի Էրդողանը փրփուրը բերանին այդպես hաչեր։

Արարատ մարզի Շահումյան միջնակարգ դպրոցից Գրիգոր Համբարձումյանը հարցրեց նախագահ Սարգսյանին. «...Ինձ հետաքրքրում է՝ մեզ սպասում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագիրը՞, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը Արարատով հանդերձ»։

Նախագահ Սարգսյանը հանգիստ պատասխանեց. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից։ Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90–ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը՝ Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել...Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել։ Եթե դու և քո հայրենակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն, մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը։ Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին։ Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել։ Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան։ Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես։ Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»։

Նախագահի և երիտասարդ աշակերտի միջև այս պարզ զրույցը  հունից հանեց Արդբեջանի և Թուրքիայի ղեկավարներին։ Երկու երկրների լրագրողները փորձում էին մեկը մյուսին գերազանցել իրենց հարձակումներում Հայաստանի վրա՝ մեղադրելով նախագահ Սարգսյանին «Արարատ լեռը և Արևելյան Թուրքիան օկուպացնելու` դպրոցականներին սադրելու մեջ»։ Վիրավորական արտահայտություններ տեղացին Հայաստանի նախագահի վրա Թուրքիայի վարչապետ Էրդողանի, փոխվարչապետ Բյուլենտ Առինչի, նախարար Էգեմեն Բաղիշի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկուր երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից։ Ամբոխներին հրահրելու նպատակով,   Թուրքիայի քաղաքներում կազմակերպվեցին ցույցեր, որտեղ այրվեցին նախագահ Սարգսյանի նկարը։

Ապշեցուցիչ էր, որ Էրդողանը համարձակություն ունեցավ  նախագահ Սարգսյանից ներողություն պահանջել։ Ներկայումս Իսրայելի, Գերմանիայի և Հայաստանի ղեկավարներից ներողություն պահանջելու հարցում Թուրքիայի վարչապետը պարտվում է 3-0 հաշվով։ Էրդողանը չպետք է շունչը պահած սպասի Հայաստանի ներողություն խնդրելուն։ Նախքան նման անտրամաբանական պահանջ ներկայացնելը, Թուրքիայի ղեկավարները պետք է առաջինը ներողություն խնդրեին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի ոճիրի համար և վերադարձնեին հայկական բոլոր գրավված տարածքները, ներառյալ Արևմտյան Հայաստանը և Արարատ լեռը, ինչպես առաջարկեց հայկական կազմակերպությունների կողմից հարգանքի արժանի այս խորագիտակ ուսանողը, ով պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի  համար։

Ո՞րն էր թուրքերի և ադրբեջանցիների զայրույթի իսկական պատճառը։ Արդյո՞ք Էրդողանի թարգմանիչն էր վատը, թե պարզապես նա վատ մտադրություններ ուներ։ Հավանաբար վերջին տարբերակն էր։ Նա իր հիմար խոսքերն ասաց անցյալ շաբաթ Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ` կանգնած նախագահ Ալիևի կողքին։ Էրդողանը, միգուցե, ցանկանում էր տպավորել իր «կրտսեր եղբորը» իր հակահայկական մոլուցքով և կեղծ պատճառաբանություն ներկայացնելով միջազգային հանրությանը հայ–թուրքական արձանագրությունների կապակցությամբ իր խոսքը չպահելու և Հայաստանի հետ սահմանը չբացելու համար։ Միգուցե նա ուզում էր չափազանց կոշտ լինել, որպեսզի Հայաստանի ոչ մի պաշտոնատար անձ այլևս չակնարկի Թուրքիայից տարածքային պահանջների մասին։

Այս դրվագը վկայում է, որ Հայաստանին պարտվողական արձանագրությունները պարտադրելու միջոցով պատմական անարդարությունները թաքցնելը վերջ չի դնի զոհաբերված ժողովրդի արդարացի պահանջներին։ Հայ–թուրքական հակամարտությունը չի կարգավորվի մինչև արդարությունը չվերականգնվի հայ ժողովրդի նկատմամբ։ Արդարությունը հայցելը բոլոր հայերի, ներկայիս և գալիք սերունդների խնդիրն է։ Թուրքիայի համար խաղաղություն չի լինի, քանի դեռ չի վերականգնվել արդարությունը հայերի նկատմամբ։

Այս տպավորիչ ուսանողին և նախագահ Սարգսյանին երախտապարտ լինելուց բացի, հայերը պետք է նաև շնորհակալ լինեն վարչապետ Էրդողանին իր հիստերիկ և սուր արձագանքի համար, որը օգնեց հրավիրել միջազգային մամուլի և համաշխարհային հանրության ուշադրությունը հայկական տարածքային պահանջների վրա։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը