Քաղաքական

25.04.2022 14:01


Չավուշողլուն «քաշեց» Փաշինյանին

Չավուշողլուն «քաշեց» Փաշինյանին

Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Մևլութ Չավուշօղլուի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին «Գորշ գայլերի» նշանը ցույց տալով, Անկարան, փաստացի մեսիջ ուղարկեց Հայաստանին, թե իրականում ինչպես է պատկերացնում հայ-թուրքական «երկխոսության» գործընթացը:

Այս քայլով Անկարան, փաստացի, ակնարկում է, որ նա այսուհետ վախեցնելու քաղաքականություն է վարելու հայերի նկատմամբ:

Իսկ սփյուռքահայերին ակնարկում է, եթե շարունակեն հիշել 1915-ի դեպքերը, ապա հայաստանցիները իրենց ապագան կավարտեն այնպես, ինչպես ավարտեցին Օսմանյան կայսրության մեջ ապրող հայերը:

«Գորշ գայլերի» նշանը հենց դրա մասին է: Այդ կազմակերպությունը իրեն համարում է երիտթուրքերի քաղաքական իրավահաջորդը: Եվ եթե ժամանակակից Թուրքիայում վերջին 70 տարիների ընթացքում, քեմալիստական իշխանությունները ավանդաբար իրենց տարանջատում էին Գորշ գայլերից, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո, և հատկապես վերջին տարիներին, այդ քաղաքականությունը էապես փոխվել է:

Նախ Էրդողանի կուսակցությունը ստիպված կոալիցիա կազմեց ազգայնականների հետ, որպեսզի կարողանար ձևավորել իշխանություն, իսկ հետո իր օսմանյան նկրտումները աստիճանաբար սկսեց տրանսֆորմացնել դեպի պանթուրքիզմի ուղղությամբ:

Բավական է հիշել միայն վերջին ղարաբաղյան պատերազմից հետո Էրդողանի այցը Բաքու և նրա արտասանած ճառը, որտեղ նա հիշատակեց նաև երիտթուրքերի պարագլուխներից մեկին՝ Էնվերին:

Եվ, ահա, երկու օր անց, Չավուշօղլուն իրեն թույլ տվեց հայերին սպառնալ նոր ցեղասպանությամբ: Դրանից հետո, Չավուշօղլուի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ժպիտը հրեշավոր տպավորություն պիտի թողնի Հայաստանում ապրող ցանկացած հայի վրա: Չէ որ 1915-ի ապրիլի 24-ից առաջ նույն ձևով Թալիաթ փաշան ժպտում էր նաև Գրիգոր Զոհրապի երեսին:

Սակայն այս ամենը Նիկոլ Փաշինյանին քիչ է հետաքրքրում, քանզի թուրքական ուղղությունը նրա համար դարձել է ճակատագրական: Եթե նրան չհաջողվի այս հարցը լուծել, ապա կփլվի նաև նրա «խաղաղության դարաշրջանի» ողջ կոնցեպցիան, իսկ դա կնշանակի, որ նա այլևս անելիք չի ունենա իշխանության մեջ: Ահա թե ինչու Փաշինյանը դատապարտված է շարունակել վարել այս քաղաքականությունը, իսկ թուրքերն էլ հասկացել են Փաշինյանի անելանելի վիճակը և համարձակ ձևով հասկացնել են տալիս մեզ, թե եթե «ձեզ խելոք չպահեք, ապա կկրկնենք այն, ինչ իրականացրինք 1915-ին»:

Չավուշօղլուի կողմից հայտնի մատերի կոմբինացիայի պարագայում դա նշանակում է, որ դա նաև ներկայիս Անկարայի կողմից պետական դիրքորոշում է:

Հասկանալի է, որ նման պայմաններում, հայերի հանդեպ սպառնալիքն իրական բնույթ կարող է կրել, որին անլուրջ վերաբերվելը, կնշանակի պատմությունից ոչ մի դաս չքաղել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը