Քաղաքական

27.04.2022 11:41


Պապիկյանի քավորությամբ գցված ասֆալտն օր օրի քանդվում է․ «Հրապարակ»

Պապիկյանի քավորությամբ գցված ասֆալտն օր օրի քանդվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ 44-օրյա պատերազմի բացասական հետեւանքներից մեկն այն է, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հավատացնում էր, թե մեզ հաղորդակցության միջոցների ապաշրջափակում է սպասվում, ճիշտ հակառակը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային հաղորդակցության ուղիները նվազեցին եւ այլեւս անվտանգ չեն։ Ամենավտանգվածը, իհարկե, Արցախի եւ Սյունիքի ճանապարհներն են։ Սյունիքի մարզի արեւելյան հատվածը սահմանամերձ դառնալով՝ կորցրեց Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը՝ այն Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ։ Ելքը գտան ոչ թե պայքարելու եւ թշնամու հետ գոնե բանակցելու միջոցով այն ստանալու մեջ, այլ սկսեցին կառուցել Տաթեւ-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհը, որը նեղ է, երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում եւ շատ բնակավայրերի հաղորդակցությունն էլ երկարացրեց ու դժվարացրեց:

Ամեն դեպքում՝ անցյալ տարվա նոյեմբերին այլընտրանքային ճանապարհը շահագործման հանձնվեց եւ սկսեց օգտագործվել, սակայն պարզվում է՝ այն արդեն քարուքանդ է, անհարմար եւ նկատելիորեն նեղ ու դժվարանցանելի Իրանից եկող մեծ ֆուռերի համար։ Սյունեցիներն ահազանգում են, որ նոր ճանապարհով երթեւեկելը գրեթե անհնար է, քանի որ անորակ է եւ օր-օրի փլուզվում է։

Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավար Սամվել Լալայանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում են ճանապարհները։

«Ճիշտն ասած՝ ճանապարհները, իրոք, վատ վիճակում են, եւ օր-օրի ավելի է վատանում։ Ասֆալտը ճաքում է, քանդվում»։ Անորակ ասֆա՞լտն է պատճառը, որ քանդվում է, Տաթեւ համայնքի ղեկավարը նկատեց․ «Էս ճանապարհը նախատեսված չէ ծանր մեքենաների համար։ 45 տոննանոց մեքենաներին չի դիմանում։ Դե, գիտեք՝ հիմա Հայաստան-Իրան կապը հիմնականում այս ճանապարհն է ապահովում։ Որակի համար էլ՝ թող մասնագետներն իրենց ասելիքն ասեն»։

Հիշեցնենք, որ 2021թ․ հուլիսի 16-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ հիմնանորոգվում է Տաթեւ-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է երեք ընկերություն՝ «Բիլդեր քոնսթրաքշն», «Քարավան» եւ «Ոսմար» ՍՊԸ-ները։

«Ոսմար» ՍՊԸ-ին էին վստահված Տաթեւ-Աղվանի 17,5 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Ընկերության եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության միջեւ պայմանագիրը կնքվել է 2021թ․ հուլիսի 15-ին՝ «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Աշխատանքներ կատարելու համար «Ոսմար» ՍՊԸ-ին հատկացվել է 2 մլրդ 786 մլն դրամ։

Հիշեցնենք, որ «Ոսմար» ՍՊԸ-ն, որի հանդեպ Սուրեն Պապիկյանն այդպիսի սեր է տածում, հիմնադրվել է 2002 թվականին, պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի ընտանիքին։ Տնօրենը նախկին քաղաքապետի կրտսեր որդին է, իսկ ընկերության բաժնետոմսերի սեփականատերերը՝ նախկին քաղաքապետը, կինը, աներորդին։ Ի դեպ, սա այն քաղաքապետն է, ով Գորիսում մեծ թվով սեփականություն է տնօրինում եւ նախկին թալանչի իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներից է, սակայն հաջողությամբ կարողացել է լեզու գտնել նաեւ նորերի հետ։

Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նելսոն Ոսկանյանը պատրաստվում է վաճառել ասֆալտի գործարանը եւ մեկնել արտերկիր՝ Ֆրանսիա։ Մենք կապվեցինք նրա հետ։ Վաճառո՞ւմ եք Ձեր գործարանը, նախկին քաղաքապետը նախ փորձեց ապակողմնորոշել մեզ․ «Ո՞ր գործարանը, մեր Որոտանի ասֆալտի զավոդը մնաց ադրբեջանցիներին, ի՞նչը վաճառեմ»։ Նորից ճշտեցինք եւ կրկին կապվեցինք Ոսկանյանի հետ՝ պատերազմից հետո գործարանը Որոտանից տեղափոխել եք Տաթեւից Շինուհայր ընկնող տարածք՝ այդ գործարանի մասին է խոսքը, որը զբաղվում է Տաթեւ-Կապան այլընտրանքային ճանապարհի շինարարությամբ, իսկ ճանապարհն արդեն քանդվում է։ «Հա՞, Շինուհայրի գործարա՞նը, հա, ճանապարհը մենք ենք կառուցում, աշխատանքներ արվել են, հիմա էլ մեկնարկել են, էդտեղ մի տարածք ջրամբարի պատճառով փլուզվեց, ավելի ճիշտ՝ սողանք էր, բայց ընկերությունը պարտավոր է, վերանորոգումներ արվել են, արվում են, համեցեք, տեսեք»,-այս անգամ հարցից չխուսափեց նա։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե լսել ենք՝ պատրաստվում է վաճառել գործարանն ու մեկնել երկրից։ «Չէ, չէ, ո՞ւր պիտի գնամ, ի՞նչ Ֆրանսիա, ես 67 տարեկան մարդ եմ, գնամ՝ ի՞նչ անեմ, իմ ընկերները, շրջապատը, բոլորն էստեղ են՝ Սյունիքում, ո՞ւր գնամ․․․»։

Այս խորագրի վերջին նյութերը