Քաղաքական

22.04.2009 16:58


Հրանտ Մարգարյան. «Ազգային հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքը չի կարող հարցից հարց տարբերվել»

Հրանտ Մարգարյան. «Ազգային հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքը չի կարող հարցից հարց տարբերվել»

Ապրիլի 22-ին Էրեբունի պլազայում «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով ՀՅԴ-ն համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում  հանդես գալով բավական սուր հայտարարություններով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը պարտվող կողմ է, քանի որ Թուրքիան այսօր կարողացել է իր նախապայմանները թեկուզ և անոււղակիորեն, բայց ընդունելի դարձնել։

-Մեկ տարի առաջ Թուրքիան Ղարաբաղի հարցով ընդհանրապես տեսակետ հայտնելու բարոյական իրավունք չուներ, նա կողմ չէր համարվում, այսօր՝ կողմ ներկայանալով, արդեն իսկ հասկանալի է դառնում, թե ինչու՞ պետք է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար լուծվի նաև Ղարաբաղյան հարցը։ Թուրքիան այսօր շահագրգիռ կողմ է հանդիսանում,- ասել է նա։

Հրանտ Մարգարյանի կարծիքով Հայաստանը պարտվում է, քանի որ հետ է կանգնել իր սկզբունքներից, այսինքն՝ հարաբերությունների հաստատմանն՝ առանց նախապայմանների։ Այդ սկզբունքներից հետ կանգնելու հիմնական պատճառը նա տեսնում է ազգային խնդիրների էության տարատեսակ ընկալման մեջ.

-Ազգային հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքը մեկ հիմնական էություն ունի։ Այդ էությունը չի կարող հարցից հարց տարբերվել։ Ղարաբաղի հարցը, ցեղասպանության հարցը, Արևմտահայաստանի ազատագրման հարցը, Ջավախքի հարցը, Հայաստանի անկախության հարցը մեկ ամբողջականություն է։ Ոչ մի հարց մյուս հարցի զոհը չենք կարող դարձնել։ Կարծում եմ հայկական կողմը պետք է վերադառնա իր սկզբունքայնությանը՝ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը։

Հրանտ Մարգարյանը կարևորել է Դաշնակցության տեսակետների լսելի դարձնելու հանգամանքը, քանի որ «ազգային հարցերը հայ ժողովրդի բաց ներվն են և ով կպավ այդ ներվին, համապատասխան վերաբերմունքի կարժանանա»։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը