Լրահոս

24.08.2011 16:29


Վիրահայերը խիստ մտահոգված են Վրաստանում վերջերս գլուխ բարձրացրած հակահայկական հիստերիայի առթիվ

«Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության նախագահությունն ու հարյուր հազարավոր անդամները խիստ մտահոգված են Վրաստանում վերջերս գլուխ բարձրացրած հակահայկական հիստերիայի առթիվ: Ծայրահեղական մութ ուժերը, այդ թվում նաև աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան անձիք, տարածելով կեղծ լուրեր, հրահրում են հայ և վրաց ժողովուրդների շահերին անհարիր թշնամանք: Հակահայկական տրամադրությունների բորբոքմանը մեծ չափով նպաստում են նաև ԶԼՄ-ների վարկաբեկիչ հրապարակումները, որոնց ազդեցության տակ են ընկնում վրաց երիտասարդության անտեղյակ ներկայացուցիչները: Գործը հասել է այնպիսի լկտիության, որ անսթափ վիճակում գտնվող երկու երիտասարդ մուտք են գործել Աստծո տաճար, վիրավորել մեր ազգային արժանիքներն ու հավատը, եղծել խորանին դրված «Ճաշոց գիրքը»: Սա այնպիսի մի արարք է, որը դատապարտելի է բոլոր օրենքներով և կարող է տեղիք տալ ազգամիջյան լարվածության: Վրացական ծայրահեղականներին հիշեցնենք Մեծն Ջիվանու խոսքերը. «Թե կուզես հաշտ ապրինք, բարի հարևան, Պատվիս ու կրոնիս, հացիս մի դիպչի»…:

Մենք սատարում ենք Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին և կոչ ենք անում վրաց իշխանություններին խիստ միջոցներ կիրառելով սանձել հակահայկական քարոզով զբաղվող պաշտոնյաներին ու արժանի պատժի ենթարկել մեր ազգային արժանապատվությունը վիրավորած ստահակներին` հետ այսու նման արարքները կանխելու համար:

Վիրահայերի միասնություն հասարակական կազմակերպության նախագահություն

Այս խորագրի վերջին նյութերը