Քաղաքական

16.05.2022 11:52


Ոստիկանության ոչ իրավաչափ հրահանգներին պատասխան են տրվելու․ Թադևոս Ավետիսյանը՝ ավտոերթի վայրից (տեսանյութ)

Ոստիկանության ոչ իրավաչափ հրահանգներին պատասխան են տրվելու․ Թադևոս Ավետիսյանը՝ ավտոերթի վայրից (տեսանյութ)

Արտաշատ տանող մայրուղով «Դիմադրություն» շարժման ավտոերթը գլխավորում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա նշեց, որ բազմաբովանդակ բողոքի գործողություններով ուղեկցվող այս պայքարով ցույց են տալիս այսօրվա իշխանություններին, որ երկրում արդեն ձևավորվել է երկիշխանություն․ իրենք չեն իրադրության տերը, պետք է հրաժարական տան և իշխանությունը հանձնեն ժողովրդին։

«Ոստիկանությունն ավտոերթի ընթացքում ոչ իրավաչափ գործողություն իրականացրեց՝ մեքենաներից մեկը տարավ տուգանային հրապարակ այն պատճառով, որ դանդաղ է վարում՝ ընդամենը։ Սահմանված նվազագույն արագություն չկա՝ կա առավելագույն արագություն, որը չի կարելի գերազանցել, բայց յուրաքանչյուր վարորդ, այդ թվում ավտոերթին մասնակցող ցանկացած քաղաքացի, իրավունք ունի իր բողոքի գործողությունն իրականացնելու։ Երբ իշխանությունները դուրս մղվեն աթոռներից՝ բոլոր այս գործողություններին կտրվեն պատասխաններ»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։

Նա ուշադրություն հրավիրեց, որ իշխանական մամուլը նախօրեին գրել էր, որ ավտոերթի մասնակիցների մեքենաները պետք է տարվեն տուգանային հրապարակ․ սա նշանակում է, որ ստացել են հանձնարարություն, բայց ոստիկանության ոչ իրավաչափ հրահանգներին այս ամեն ինչից հետո պատասխան կտրվեն։

Շարժմանը միացած մեր քաղաքացիները նման գործողություններից չեն ընկճվում, նշեց նա, պայքարը շարունակվելու է և հասնելու է հաղթական ավարտին։

«Կատվի պես մարագն են մտել այսօրվա իշխանությունները, իրենց հայրենադավ ծրագրերը որոշ չափով հետաձգել են, բայց չեն հաջողելու, որովհետև իրենց ծրագրերի ավարտը ՀՀ ավարտն է և մեր հայրենիքի կորուստը․ թույլ չենք տալու, վստահ եղեք»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նշենք, որ մայրաքաղաքում 5 հասցեներից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերը։ Նախօրեին հանրահավաքի ժամանակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր․ «Առավոտից՝ ժամը 8։00-ից, պետք է սկսենք անհանզանդության ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները։ Իսկ երեքշաբթի օրն առավոտյան համարում եմ շատ կարևոր օր․ այդ օրը առավոտյան ժամը 8։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ․ առնվազն մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, ովքեր առավոտյան 8։00-ին՝ թողնելով իրենց գործը, աշխատանքը, առօրյա հոգսերը, պետք է դուրս գան փողոց։ Այն բազմաքանակ, տասնյակ հազարավոր հանրահավաքները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։ Իսկ երեքշաբթի երեկոյան՝ 19։30-ին, տեղի է ունենալու հանրահավաք»։

Այս խորագրի վերջին նյութերը