Մեկնաբանություն

26.08.2011 14:42


Երբ «Wikileaks»–ը բացահայտում է բացահայտվածը

Երբ «Wikileaks»–ը բացահայտում է բացահայտվածը

Վերջին օրերին համացանցում կրկին հայտնվեցին «վիկիլիքսյան» բացահայտումներից, որոնք վերաբերում էին Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Անկեղծ ասած՝ ոչ մի նոր բան չկար, որը կզարմացներ հայաստանցիներիս, բայց ամեն դեպքում մի քանի կետերի արժե անդրադառնալ։

«Wikileaks»–ի կազմակերպած տեղեկատվական արտահոսքի այս անգամվա հերոսները ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին։

Տեր–Պետրոսյանի մասով ներկայացվել էր ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի նամակը պետդեպին, որտեղ տիկինը «խորամանկ» որակումն է տալիս ՀԱԿ առաջնորդին։ Ի դեպ, այդ որակումը տալուց առաջ դեսպանը նշում է, թե հակառակ տերպետրոսյանականների այն պնդումներին, թե 2009–ի մայիսի 1–ի  հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների գնահատմամբ՝ մարդկանց թիվը 6-8 հազ. է եղել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Յովանովիչը դիվանագիտական բառապաշարով («խորամանկ») է նկարագրել Տեր–Պետրոսյանին և, մեղմ ասած, իրականությանը չհամապատասխանող է որակել ընդդիմության ասածները, մասնավորապես հանրահավաքի մասնակիցների թվաքանակի վերաբերյալ, ստացվում է, որ դեսպանուհին իրականում ստախոսություն և դեմագոգիա է անվանել կոնգրեսական ղեկավարության պահվածքը։

Նկատենք, որ միջին հայաստանցին առանց Յովանովիչի բացահայտման էլ գիտի, որ ՀԱԿ–ի գործելաոճի մեջ կայուն տեղ է հատկացվում ստախոսությանն ու դեմագոգիային, և նրանք սիրում են ուռճացնել ամեն ինչ, այդ թվում՝ հանրահավաքի մասնակիցների չափը։

Ի վերջո, տիկին Մարին ու՞ր էր, երբ մենք ականատես եղանք «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» դեմագոգիային, որից հետո տասը զոհ եղավ, և նրանց թվում չկար «միակ զոհը լինելու» պատրաստակամություն հայտնողը։

Անցնենք առաջ։

Ըստ «Wikileaks»–ի՝ տիկին դեսպանը նաև իր ղեկավարությանը դիվանագիտորեն ներկայացրել էր, որ հայ–թուրքականի մասով Տեր–Պետրոսյանը Սարգսյանի հետ միևնույն գծի վրա է։ Նկատենք նաև, որ այս «բացահայտումն» էլ նորություն չէ մեզ համար, այսինքն՝ «Wikileaks»–ը սենսացիա չի արել։

Հետաքրքիր է, թե ինչպես են ՀԱԿ–ում հիմա արձագանքելու ԱՄՆ նախկին դեսպանի ասածներին։

Ինչպես հայտնի է, «արմատականները» շատ էին սիրում տիկին Մարիին ու մի պահ նրա խոսքերը հայ ժողովրդին ներկայացնում էին որպես աստվածաշնչյան ճշմարտություն։ Եվ ահա պարզվում է, որ Յովանովիչը, ով նաև նպաստեց «երկխոսության» կայացմանը, Տեր–Պետրոսյանի մասին ուրույն կարծիք ունի։

Դառնանք «Wikileaks»–ի հաջորդ «բացահայտմանը»։ Սկանդալային այդ կայքը ընթերցողներին էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նամակը Էրդողանին, որտեղ ՀՀ երկրորդ նախագահը կողմ էր արտահայտվել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և դեմ՝ Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական ցանկությանը՝ առաջարկելով բոլոր խնդիրները քննարկել միջպետական հանձնաժողովի մակարդակով։

Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողականության» շրջանակներում երբ Մոսկվայում հնչեցրեց Գյուլին Երևան հրավիրելու մասին, անմիջապես ավելացրեց, որ եթե Թուրքիայի նախագահն իր հրավերն ընդունի, ապա ինքը պատրաստ է ընդառաջ գնալ ցեղասպանության հարցը պատմաբանների քննարկման առարկա դարձնելու թուրքական առաջարկին։

Հետագայում Սարգսյանն այդպես էլ վարվեց, ու հայ–թուրքական արձանագրություններում տեղ գտավ հետևյալ ձևակերպումը. «Իրականացնել երկու ժողովուրդների միջև  փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»։

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը համաձայնեց քննարկման առարկա դարձնել Հայոց ցեղասպանության հարցը, ու դեռ մի բան էլ այդ հարցի ուսումնասիրմամբ զբաղվող ենթահանձնաժողով էր ստեղծվելու, որը երկու ժողովուրդների միջև առկա խնդիրների հստակեցմամբ էր զբաղվելու։ Այսինքն՝ Հայոց ցեղասպանության հարցով  ՀԱԿ–իշխանություն այսօրվա «երկխոսության» պես մի բան էր առաջարկել Թուրքիան, իսկ Սարգսյանն էլ համաձայնել էր, ինչպես որ Տեր–Պետրոսյանն է համաձայնել սերժսարգսյանական «պատմական հարթության երկխոսությանը»։

«Wikileaks»–ի հրապարակումն այս թեմայով ուշագրավ է այն առումով, որ ևս մեկ անգամ ցույց է տալիս սարգսյանական ինքնաարդարացման քարոզչության ողջ սնանկությունը։

Գաղտնիք չէ, որ երբ Սարգսյանի թիմը տեսավ, որ խայտառակ պարտություն է կրում «ֆուտբոլային» դիվանագիտության տիրույթում, սկսեց «ընդդիմադիր» մամուլի միջոցով ու Տեր–Պետրոսյանի հրապարակային ելույթների օգնությամբ (տե՛ս http://7or.am/archives/20734) տարածել, թե՝ Սերժն ի՞նչ կարող էր անել, Քոչարյանն էր այս ամենը սկսել, իրենք ծանր ժառանգություն են ստացել, ու ՀՀԿ «ճկուն» ղեկավարը ստիպված է շարունակում Քոչարյանի գործը։

Այս պահին մի կողմ թողնելով այն հարցի քննությունը, թե արդյոք ճի՞շտ էր Քոչարյանի դիրքորոշումը Թուրքիայի մասով, թե՞ ոչ, հարկ է հստակ արձանագրել, որ Քոչարյանը դեմ է եղել պատմաբանների մասնակցությամբ հայ–թուրքական գյալաջիին, իսկ Սարգսյանն իր «նախաձեռնողականությամբ»՝ կողմ։

Այս ամենը բոլորս էլ գիտեինք, այնպես որ «Wikileaks»–ը թող մեզ չզարմացնի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը