Լրահոս

19.11.2010 12:44


Բրիտանական EMI-ն նվիրատվություն է արել Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար

Բրիտանական EMI ձայնագրման ընկերության բարեգործական հիմնադրամն իր ավանդն է ներդրել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նախագծում:

EMI Music Sound Foundation-ը $ 3,180 է փոխանցել հատուկ հաշվեհամարի վրա, որը բացված է դպրոցի վերականգնման նպատակով:

EMI Music Sound Foundation-ի հոգաբարձուների թվում են Պոլ Մակկարտնին, Ջորջ Մարտինը, Յոկո Օնոն, Քլիֆֆ Ռիչարդը, Թինա Թըրները:

Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման ծրագիրը Rock Aid Armenia ծրագրի շրջանակներում համատեղ իրականացնում են Մեդիամաքս-ը, ավստրալիական ոչ կառավարական Do Something կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ)' ՀՀ նախագահի եւ կառավարության օժանդակությամբ:

Ծրագրի ակտիվ մասնակիցներն են ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմին (Black Sabbath, Heaven and Hell):

Այս տարվա հոկտեմբերին Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջոն Լորդը (նախկինում' Deep Purple), Նիքո ՄքԲրեյնը (Iron Maiden) եւ Ջեյսոն Նյուսթեդը (նախկինում' Metallica) ձայնագրեցին Out of My Mind երգը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղարկվի Գյումրիի դպրոցի վերականգնման հիմնադրամին: Այս տարվա մարտին Իէն Գիլանը Երեւանում հանդես եկավ 2 բարեգործական համերգներով Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի հետ:

Դպրոցի նոր շենքի կառուցման համար անհրաժեշտ է $ 250.000, արդեն հավաքագրվել է $ 80.000:

«Rock Aid Armenia ծրագրում ներգրավված բոլոր մարդկանց անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել EMI հիմնադրամին: Մենք շատ ուրախ ենք, որ Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման նախագիծը միավորում է ավելի շատ մարդկանց եւ կազմակերպությունների: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Թոնի Այոմիի մենեջեր Ռալֆ Բեյքերին, քանի որ հենց նա է ներկայացրել դպրոցի վերականգնման ծրագիրը EMI հիմնադրամին»,- ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը