Խմբագրական

23.04.2009 09:50


Հայի «հետին խելքի» մասին

Հայի «հետին խելքի» մասին

Բազմիցս լսած կլինեք հայի «հետին խելքի» մասին։ Այդ ձևակերպումը, որպես կանոն, օգտագործվում է «համապատասխան» սրտին՝ «համապատասխան» մխիթարանք ապահովելու նպատակով, երբ նախապես հաշվարկված չի լինում կատարվելիք քայլի հետևանքը։ «Խելքն» այդ դարձել է մեր այցեքարտը և օգտագործվում է որպես ինքնախարազանում, ինքնակշտամբանք, բայց տողատակում նաև ինքնագովեստ, քանի որ թուրքը  (բանահյուսությունն այդպես է մեզ հասել)  ասել է, թե  հայի հետին խելքն իմը լիներ։ Պատկերացնու՞մ եք, թե հայ չկայացած, ռաբիզ  «քաղքենու»  ինքնասիրությունն ինչպես է շոյվում, երբ ինքն իր խելքի (թեկուզև՝ «հետին») մասին նման սադո-մազոխիստական գնահատական է լսում՝ վերացական թուրքի գնահատմամբ։ 

             Մի խոսքով, հայի «հետին խելքի»  մասին ինքներս հակասական առասպելներ ենք հորինել և ապրում ենք այդ վիրտուալ աշխարհում։ Բայց, ելնելով ներկայումս  ընթացող քաղաքական գործընթացներից, կարելի է ասել, որ հայի «հետին խելքը»  լրիվ ուրիշ «հմայք» ունի։  Իրականում այդ «հետինն»՝ այնքան էլ հետին չէ։ Դա մենք հնարել ենք, որպեսզի հետագայում արդարացնենք մեր նախապես գիտակցված սխալները, որոնք ժամանակին կատարել ենք՝ մեր չկամեցողության, եսակենտրոնության, չուզողության, շահամոլության և այլնի պատճառով, ու հետո երբ «քաշվել» ենք՝ սկսել ենք հետին թվով բարձրաձայնել այն ենթադրյալ քայլերը, որ պիտի անեինք։ Իսկ այդ խելոք մտքերը հետո ասելը նշանակում է, որ դրա արտասանողը ժամանկին լավ էլ իմացել է, թե ի՞նչ պիտի անել, բայց չի արել։   

Տեսե՛ք, հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլայնացման» հենց սկզբնական փուլից՝ արդեն իսկ խոսվում էր դրա վտանգների, հնարավոր բացասական հետևանքների մասին, քանի որ պետական ռազմավարական հաշվարկներ և պլանավորում չէր արվել, բայց  անձնական շահի հաշվարկներ արվել էին և կարևորը դա էր։  Բոլորն այդ մասին գիտեին, բայց բոլորին էլ, տարբեր պատճառներով, տվյալ ժամանակահատվածում ձեռնտու էր «ֆուտբոլը» և այն կայացավ։

Դիվանագիտության «սատանի մայլում» տեղի ունեցած «քյանդրբազության» առաջին զոհը դարձավ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի զինանշանը. Սիսն ու Մասիսն իրենց  տեղը զիջեցին  հանրապետականների  ու բարգավաճականների սիրած կենդանիներին։ 

Եկե՛ք ճիշտ հասկանանք։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, իրոք, պետք է։ Բայց եթե դա արվում է առանց հստակ  հայեցակարգի, հանպատրաստից և լրիվ ուրիշ նպատակով, որից հետո մենք ստանում ենք գյուլերի ու էրդողանների հայտարարությունները, ապա ու՞մ են պետք նման «ֆուտբոլն» ու «նախաձեռնողականությունը»։  Մենք պիտի մուրացիկի կեցվածք չընդունենք, որ Թուրքերը մտածեն, թե հայերն առանց իրենց սահմանի բացման՝ սովից կմեռնեն։ Եթե մեզ այդպես մատուցենք, ապա Թուրքերը հազար ու մի նախապայման առաջ կքաշեն։ Ո՞վ լիներ, որ դա չաներ։

Հայտնի ֆուտբոլային խաղից առաջ էլ, հետո  էլ հասկանալի  էր, որ չէր կարելի անհարմարության աստիճանի քիրվայության մթնոլորտ ստեղծել Հայաստանում։ Բայց իշխանության վերին հարկից կար ներքին հրահանգ և գրեթե բոլորը (համենայնդեպս՝ ովքեր եթերներում «ծիկրակելու»  «դաբրո»  ունեին) այնպիսի «թուրքական բաղնիք» էին սարքել, որ մի պահ տպավորություն կար, որ ազգովի Անթալիա էինք տեղափոխվել։ Այդ հիմա է, որ,  հայ-թուրքական «ֆուտբոլային» ֆիասկոյի ֆոնին, նույն պալատական նորաթուխ քիրվայասերներին հրահանգավորվել է «ազգային ճատրակ» խաղալ, այսինքն՝ համընդհանուր «ասուժդամսի» ենթարկել Թուրքիային։  Այստեղ մի պահ դադար տամ և կրկնեմ իմ  նախորդ հոդվածներից մեկում արված խորհուրդն առ պալատական պնակալեզներ, քծնանքի հուշ-երեկոների մասնագետներ, իրենց աստեղային «մոմենտին» սրտատրոփ սպասող կարիերիստներ և այլ «եղջերավորներ». այժմ իշխանության մոտ սկսվել է «հայրենասիրության» փուլը։ Քիրվայությունն այս պահին լավ չի վճարվում և չի ողջունվում։  Ընդունվում են հայրենասիրական «օրգիաների» կոլեկտիվ հայտեր։ Շուտով կարող է վերականգնվել նաև ՀՀԿ-ի կողմից հովանավորվող եղանակի տեսությունը, որի միջոցով արտահայտվում էին հայ «ազգայնական աշխարհագրության» առանձնահատկությունները։ Այդկերպ՝ «ցեղակրոնները» կարող են վերադառնալ իրենց ակունքներին։

Շարունակենք բուն թեման։ Ի՞նչ է, անցած աշնանը չգիտեի՞նք, թե Թուրքիան ու Ադրբեջանը ի՞նչ դիրքորոշում ունեն հայ-թուրքական սահմանի և Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Գիտեի՛նք։ Գիտեի՛նք, բայց այդ պահին ամենքս մեր նեղ հաշվարկներն էինք անում։ Թուրքիայի մասով, կարելի ասել, որ ազգային համաձայնություն  էր ստեղծվել։ Էդ հիմա է, որ է՛լ «գող փիսո», է՛լ «քաչալ շուն», է՛լ դավաճան, է՛լ ուրացող են միմյանց ասում իշխանությունն ու ընդդիմությունը՝անդրադառնալով ցեղասպանության հարցին։ Փաստն այն է, որ «հեղափոխական»  այն օրերին՝ իշխանությունն, ըստ էության, լուրջ դիմադրության չհանդիպեց։ Պարադոքսալ էր, բայց հանրահավաք ու ցույց («թեթև» ոճի մեջ) կազմակերպեց ՀՅԴ-ն, իսկ ընդդիմությունը՝ հետաձգեց նախատեսված հանրահավաքը։ Ամբողջ աշխարհի հեռուստաընկերությունները ցույց տվեցին հետևյալ պատկերը. Հայաստանում Թուրքիայի հարցում կան Սերժ Սարգսյանի իշխանական և Հայ հեղափոխական դաշնակցության ընդդիմադիր  դիրքորոշումները։  CNN-ով ու BBC-ով Հայաստանին հետևող մարդիկ հասկացան, որ Հայաստանի համար կարևորագույն ու ցավոտ հարցում գործում է երկու իրար հակադիր ուժ՝ Սերժ Սարգսյանն ու դաշնակցությունը։ Բայց ի՞նչ իմանային այդ «հարիֆ» եվրոպացիներն ու ամերիկացիները, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ-ն՝ նույն իշխանական կոալիցիայի մեջ են ու հեչ էլ իրար հակադիր չեն, իսկ «Սե՛ր-ժի՛կ, հեռացի՛ր» պահանջող ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է Գյուլի գալը, բայց չափազանց  հակադիր է նույն Սերժ Սարգսյանին։ 

             Ու հիմա, երբ բանը բանից անցել է, հայի «հետին խելքին» հղում անել չարժե, թե բա ո՞նց էն ժամանակ հուժկու միտինգներ չարեցինք Գյուլի դեմ, կամ ո՞նց չասացինք, որ Թուրքիան միևնույն է մեզ համար անընդունելի նախապայմաններ է առաջ քաշելու ու պետք չէր Գյուլին կանչել «մեր բակը»։ Պարզապես չենք ուզում խոստովանել, որ «թուրքական գամբիտը» լրիվ ուրիշ՝ ներքին,  նպատակով էր այստեղ օգտագործվում։ Ամեն ինչ ընթանում էր փոխադարձ «սրիկայության» պայմաններում։ Թուրքերն այդ ամենը ֆիքսեցին ու անցան գրոհի։ Սա է իրականությունը։  

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը