Քաղաքական

10.06.2022 11:29


Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է (լուսանկար)

Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է (լուսանկար)

Իշխանական թիմի հետ կապված նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ սկանդալի հերոսը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Պատգամավորը, որը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, պարզվում է սեփական ընտանիքում այդքան էլ հաշտ չէ մարդու, իսկ ավելի շուտ իր քաղաքացիական կնոջ իրավունքների հետ։ Օրերս մեր լրագրողը հանդիպում է ունեցել Բաքոյանի քաղաքացիական կնոջ հետ (կնոջ անձնական տվյալները իր խնդրանքով չեն հրապարակվում դեռևս)։ Ներկայացված փաստերն ու այն, ինչ կինը պատմել է մեր լրագրողին, պարզապես սարսափ ֆիլմ են հիշեցնում։

Բաքոյանը պատգամավոր դառնալուց հետո, մեծ ջանքեր ներդնելով ծանոթանում է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ։ Ի վերջո, կինը Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը տեղափոխվում է Հայաստան և նրանք սկսում են միասին ապրել։ Չնայած նրանց միասին ապրելուն, կնոջ պնդմամբ Բաքոյանը ամեն կերպ խուսափել է ամուսնության փաստը պաշտոնապես գրանցելուց, քանի որ չի ցանկացել, որպեսզի եզդիները տեղեկանան, որ այլազգի կնոջ հետ է ամուսանցել (եզդիների մոտ արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը, իսկ նման ամուսնությունների դեպքում մարդը դադարում է եզդի համարվել)։ Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար։ Մի քանի անգամ Բաքոյանը նաև կնոջը համոզել է տարբեր հարցերի շուրջ գրազ գալ։ Նման դեպքերից մեկի ժամանակ նա իր կնոջից ստացել է 3000 եվրո գրազը, որը կինն իբր պարտվել է իրեն։ Վերցրած գումարով, ըստ մեր զրուցակցի նա ոչխարներ է գնել և ուղարկել է սար։ Ընդհանուր մեր զրուցակիցը այս տարիների ընթացքում առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար, սրա մեջ չի մտնում այն ծախսերը, որ կինը արել է Բաքոյանին հագուստ գնելու, տարբեր երկրներ ճանապարհորդությունների տանելու վրա։

Ռուստամ Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը։ Երկու նման դեպքերից հետո արված լուսանկարները Բաքոյանի արդեն նախկին կինը փոխանցել է մեզ, որը հրապարակում ենք։ Կինը բռնության դեպքերից մեկից հետո զանգահարել է ոստիկանություն, նրան հրավիրել են Երևանի բաժանմունքներից մեկը, որտեղ նա հանցագործության մասին հաղորդում է տվել, բայց հետո հետ է վերցրել դիմումը, որպեսզի չվնասի իր սիրած տղամարդուն։

Մեր զրուցակիցը պատմում է, որ իրենց առաջին հանդիպումն անգամ կասկածելի պատմությամբ է սկսվել։ Կինը Բաքոյանին կարճ ժամանակով տվել է իր 13 հազար 500 դոլար արժեցող ժամացույցը, որը ըստ նրա պատգամավորը փորձել է իրենով անել, բայց երբ հասկացել է, որ կինը չի լռելու և դիմելու է ոստիկանություն՝ հետ է վերադարձրել։ Ի դեպ այս ժամացույցի մասին մամուլում նաև կա հրապարակում։

Բաքոյանը մի քանի ամիս առաջ հերթական վեճերից մեկը դարձրել է պատճառ ու հեռացել է կնոջ տանից։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը փախել է իր մոտից, քանի որ տեղեկացել է, որ իր ֆինանսական միջոցները վատացել են ու նա չի կարող նախկինի նման ցոփ ու շվայտ ծախսեր իրեն թույլ տալ, ավելին, գուցե կարիք լինի նաև որպեսզի Բաքոյանն ինքն էլ իր միջոցներից ծախսի, որպեսզի երկու անչափահաս երեխաների կարիքները հոգան։

285894110_372802664715855_6834088497367867750_n

287084900_979450162741750_5015894173209691487_n

Հիմա կինը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ Բաքոյանը տարբեր պատճառներ հորինելով տարել է իր ողջ խնայողությունները ու հեռացել է, իսկ անչափահաս երեխաների խնդիրը կինը ստիպված է միայնակ լուծել։ Կինը պահանջում է, որպեսզի Բաքոյանը վերադարձնի իր երեխաների բերանից կտրած գումարը, ոսկին և նյութական այլ միջոցները։ Բաքոյանի արդեն նախկին կինը նաև պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պատժի իր թիմակցին։ Նա պատրաստ է նաև խոսել ու անհրաժեշտ բոլոր ապացույցները ներկայացնել իրավապահներին, խոսել դատարանում։ Ռուստամ Բաքոյանին էլ խորհուրդ է տալիս հիշատակված ամեն փաստ հերքելուց առաջ լավ մտածել, քանի որ ամեն խոսքի տակ փաստ կա։ Մեր զրուցակիցը այլ առավել հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Բաքոյանի գործունեության վերաբերյալ, 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստան եկած օգնության յուրացման մասով։ Սրա մասին առաջիկայում առավել մանրամասն հրապարակումներ կունենանք։ Առաջիկայում կնոջ թույլտվության դեպքում կհրապարակենք նաև իր հետ զրույցի ամբողջական ձայնագրությունը։

Հ․Գ․ Իշխանական պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց պատրաստ ենք նաև լսել իր խոսքը։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը