Քաղաքական

10.06.2022 17:34


Հայաստանի Ժուռնալիստների միությունը իշխանություններից պահանջում է դադարեցնել Բագրատ Եսայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը

Հայաստանի Ժուռնալիստների միությունը իշխանություններից պահանջում է դադարեցնել Բագրատ Եսայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի ձերբակալության առնչությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։

Վերջինս ձերբակալվել է դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն դեպքում, երբ նախորդած շուրջ 1 տարի և 8 ամիսների ընթացքում պարտաճանաչ ներկայացել է նախաքննական մարմնին, որևէ կերպ չի խուսափել քննությունից, չի թաքնվել, մշտապես գտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, և որևէ ողջամիտ հիմնավորում չկա, որ ազատության մեջ գտնվելով՝ կարող էր խոչընդոտել գործի քննությանը։

Բագրատ Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի այս մեթոդներով ձերբակալությունը, իշխանություններից պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը, չկատարել իրավական հարթությունից դուրս որևէ գործողություն՝ մեր գործընկերոջը թույլ տալով ազատության մեջ շարունակել մասնակցել խնդրո առարկա քրեական գործի քննությանը։

Միևնույն ժամանակ, տեղի ունեցածի նկատմամբ հրավիրում ենք իրավապաշտպան կազմակերպությունների, մամուլի հարցերով զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը