Քաղաքական

11.06.2022 16:35


Արարատի քաղաքապետարանի մոտից սկսել են բերման ենթարկել քաղաքացիների

Արարատի քաղաքապետարանի մոտից սկսել են բերման ենթարկել քաղաքացիների

Այսօր Արարատ քաղաքում նախատեսված է նորակառույց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը, ինչպես նաև՝ նոր զբոսայգու բացումը: Այս միջոցառումներին նախատեսված է նաև աշխատանքային այցով Արարատի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը:

Արարատ քաղաքից 168.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ քաղաքում կեսօրին քաղաքապետարանի շենքի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ ու ոստիկաններ:

«Մի հիսուն հոգի են, մի ավտո էլ՝ կարմիր բերետավոր»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Փաշինյանին այս մարզում ամենուր դիմավորում են նաև ընդդիմադիրները:

Ի դեպ, Արարատ քաղաքից մեզ հետ կապ հաստատեց քաղաքացի Գոռ Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ իրեն և երկու քաղաքացու ևս բերման են ենթարկել Արարատի քաղաքապետարանի մոտից՝ Վեդու բաժին:

Հարցին, թե՝ ի՞նչ հիմքով, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հանգիստ կանգնելու համար. ասեցին՝ կարգ եք խախտում»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Մարզի մի խումբ բնակիչներ փորձել էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մտնել մարզ՝ հայտարարելով, որ Փաշինյանն իրավունք չունի մարզի համայնքներ գնալու։ Կարճ ժամանակ անց ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացներին։

Այս խորագրի վերջին նյութերը