Քաղաքական

12.06.2022 21:00


725 միլիոնով կրճատվել է զինհոսպիտալների գումարը. Կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ-ի և Ոստիկանության համար գումար կա

725 միլիոնով կրճատվել է զինհոսպիտալների գումարը. Կառավարության պահուստային ֆոնդից ԱԱԾ-ի և Ոստիկանության համար գումար կա

Պաշտպանության նախարարությունը 725 միլիոն դրամով նվազեցրել է հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրելու, այլ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 2022 թվականի բյուջեով հատկացված գումարը, որպեսզի կարողանան վճարել բանակի պաշտպանական կարիքների ձեռքբերման համար կնքված պայմանագրերի դիմաց։

Թերևս, տրամաբանական է, դեպի «խաղաղության դարաշրջան» գնացող կառավարությունը՝ 44-օրյա պատերազմից հետո, երկրում, որտեղ տասնյակ-հազարարավոր հաշմանդամներ և վիրավորներ կան, բուժկետերի և հոսպիտալների՝ ժամանակակից սարքավորումներով համալրումը պետք է դառնար պետության առաջնահերթություն, իսկ դրանց համար բյուջեով ավելի շատ գումար պետք է հատկացվեր։ Մինչդեռ, մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը. հոսպիտալների և բուժկետերի համար ուղղված գումարը կրճատում են։

Բանակի կարիքների համար Կառավարության պահուստային ֆոնդից գումար չի հատկացվում, ու բանակն իր կարիքները հոգալու համար ստիպված գնացել է բյուջեի վերաբաշխումների ու ծախսերի կրճատման։

Հետաքրքիր է, սակայն, որ իր կարիքների բավարարման համար վերաբաշխումների չի գնացել ոչ Ոստիկանությունը, ոչ էլ Ազգային անվտանգության ծառայությունը. այս երկու ուժային կառույցների համար միայն մայիս ամսին Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել են միլիոնավոր դրամներ։

Արդյունքում ստացվում է՝ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունն իրենց աշխատակիցներին պարգևատրելու համար ստիպված չեն եղել որևէ ծախս կրճատել, ինչին, սակայն, գնում է բանակը. ավելին, հոսպիտալների ու բուժկետերի համար նախատեսված գումարը կրճատվել է ոչ թե սպային պարգևավճար տալու, այլ բանակի համար ավելի անհրաժեշտ կարիքները բավարարելու նպատակով։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը