Քաղաքական

13.06.2022 19:25


Գողացած անասունների համար փոխհատուցում չստացած կութեցիներն ահազանգում են

Գողացած անասունների համար փոխհատուցում չստացած կութեցիներն ահազանգում են

Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի հունիսի 5-ին, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղից ադրբեջանական զինված ծառայողները 80 անասուն էին գողացել, ու թեև Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը միջադեպից 1 ամիս անց՝ 2021 թվականի հուլիսի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե անասուններին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տանում, եթե չվերադարձնեն, ապա պետությունն ինչ-որ բան կնախաձեռնի, մինչ օրս որևէ փոխհատուցում չեն տրամադրել տուժած 5 ընտանիքներին։

Կութի բնակիչներն այսօր հերթական անգամ ահազանգում են՝ այդ անասուններն իրենց ապրուստի միակն միջոցն էին, և, որ այս 1 տարվա ընթացքում մեծ պարտքեր են կուտակել։ Գյուղացիները 168.am-ի հետ զրույցում դժգոհեցին գործող իշխանությունից, հատկապես՝ Գեղարքունիքի նախկին մարզպետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից՝ հիշեցնելով նրա տված խոստումը․

«Մեր նախկին մարզպետ Գնել Սանոսյանը 1 տարի առաջ ասում էր՝ քննարկում է ընթանում, որ ձեզ փոխհատուցում տանք, բայց հիմա դարձել է նախարար ու կարծես մոռացել է գյուղացիների խնդիրների մասին։ Այս նոր մարզպետը ևս փոխհատուցում տալու մասով որևէ բան չի ասում, միայն մի անգամ օգնություն է տվել տուժած ընտանիքներին, բայց մեր կորուստն անհամեմատ մեծ է։ Իրենք չե՛ն հասկանում, որ գյուղացին այդ անասունը պահելով է իր ընտանիքի կարիքները հոգում։ Մի տարի է՝ ձգում են, այս մի տարվա մեջ ամեն մի անասունը գիտե՞ք ինչքան կաթ կտար, ինչքան եկամուտ․․․ Ի՞նչ են մտածում Կառավարության շենքում՝ իրենց աշխատասենյակներում նստած պաշտոնյաները․․․»։

Կութի բնակիչները նաև պատմեցին, որ 1 տարուց ավելի է, երբ ադրբեջանական զինված ծառայողները մուտք են գործել ՀՀ սուվերեն տարածք, այդ թվում՝ Կութ գյուղի անմիջապես վերևում են տեղակայվել, իրենց կյանքը դժոխային է դարձել․

«Ադրբեջանցիները մեր ամեն շարժին հետևում են։ Ճիշտ է, վերջին շրջանում համեմատաբար հանգիստ է՝ միայն օդ են կրակում, բայց այստեղ ապրելը դարձել է հերոսություն։ Այսքանից հետո Կառավարությունը փոխանակ ամեն բան անի, որ մեր քրտինքով արած-դրածը մեզ վերադարձնի, այսքան ձգում են այս հարցը։ Կներե՛ք, բայց այս «շներին» մենք չենք բերել նստեցրել մեր գյուղի վերևում, բարի եղե՛ք, դրանց հետ շպրտեք, մենք էլ ստիպված չենք լինի մեր կովերին գողանալու համար ձեզ դիմել։ Մենք ողորմություն չե՛նք խնդրում, մենք մեր տանջանքով, քրտինքով վաստակածն ենք ուզում, որը ձեր անգործության հետևանքով թշնամին գողացել է․․․»։

Նշենք, որ 1 տարվա ընթացքում կութեցի 5 ընտանիքները 2 անգամ մարզպետարանից դրամական օգնություն են ստացել։ Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանից էին 168․am-ին փոխանցել, երկրորդ օգնությունը եղել է մարտի 31-ին։

«Մարտի 31-ին մարզպետի որոշումով նշված 5 ընտանիքներին մարզպետարանի բյուջեից որպես օգնություն՝ 1.120.000 դրամ է տրամադրվել։

Չիտչյան Հ․՝ 260.000 դրամ

Չիտչյան Վ․՝ 240.000 դրամ

Չիտչյան Ա․՝ 50.000 դրամ

Չիտչյան Ս․՝ 100.000

Խաչատրյան Գ․՝ 470.000 դրամ»,- մեզ փոխանցել էին մարզպետարանից։

Ուշագրավ է, որ տուժած ընտանիքների փոխանցված ընդհանուր գումարը 1.120.000 դրամ է, սակայն ադրբեջանցիները գողացել են 80 անասուն, իսկ 1 կովի շուկայական միջին արժեքը 350.000-380.000 դրամ է։

168.am-ն այսօր կապ հաստատեց նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, պարզելու, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում տուժած ընտանիքներին փոխհատուցում տալու վերաբերյալ։ Նախարարության աշխատակիցը պատասխանեց, որ հարցը փոխանցել են նախարար Գնել Սանոսյանին, և, որ նախարարի պատասխանը կփոխանցեն մեզ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պատասխանը ստանալուն պես 168.am-ն այն կհրապարակի։

Այս խորագրի վերջին նյութերը