Քաղաքական

15.06.2022 18:56


«Եթե էկրանին չնայեինք, ապա հանգիստ կարող էինք ասել, որ Ալիևն է հայերեն խոսում». Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

«Եթե էկրանին չնայեինք, ապա հանգիստ կարող էինք ասել, որ Ալիևն է հայերեն խոսում». Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

Այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոսելով Արցախի հիմնախնդրի մասին, հերթական անգամ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը ժամանակին բանակցային փաթեթով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է նաև 2010 թվականին ընդունած «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

«Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի մեզ համար լուծում համարվի։ Սա է իրականում այսօրվա հիմնական ասելիքը»,-իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի այս ելույթի մասին, նշեց, որ արդեն օրինաչափ է, որ նրա ելույթները հերթական նախապատրաստումն են հաջորդ անպատկերացնելի աղետին։

«Մինչ այս ելույթը, իմ հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ եթե նախկինում, մինչ այս անձի հայտնվելն իշխանության, մեր անվտանգությունը բխում էր կարգավիճակից, ապա հիմա այս մարդը, արդեն բավականին երկար ժամանակ է՝ ամեն ինչ տանում է նրան, որ «խաղաղության դարաշրջան» կոչվածով վերջնականապես մոռանա Արցախը։

Ըստ իս, շուտով մենք ականատես կլինենք, որ նրանք այդ աշխատանքներն ավարտել են, սա ամպրոպի նման է լինելու, կլսենք, որ Հայաստանի իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։

Նրա այն նախադասությունը, որ անվտանգությունից բխում է կարգավիճակը, միայն մեկ բացատրություն ունի՝ Արցախն Ադրբեջանի կազմում, այսինքն՝ որպես փոքրամասնություն Ադրբեջանի կազմում, որտեղ կան 100-120 հայեր, և նրանք կարող են ունենալ սեփական դպրոցի իրավունք կամ ապրելու իրավունք, որն ապահովելու է Ադրբեջանը։ Ես այստեղ այլ բացատրություն չեմ տեսնում, այս մարդը շատ պարզ դրա մասին բացատրում է։ Եթե մի պահ էկրանին չնայեինք, ապա հանգիստ կարող էինք ասել, որ Ալիևն է հայերեն խոսում, որովհետև նման տեքստ կարող էր գրել կա՛մ Ալիևը, կա՛մ Էրդողանը»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց Ադրբեջանի տեսակետը, Հայաստանի ու Արցախի շահերից բխող որևէ միտք ու նախադասություն չկար։ Նա նաև նշեց, որ բոլոր անհաջողություններում մեղավոր են ոչ միայն երկրորդ և երրորդ նախագահները, այլև ամբողջ աշխարհը։

«Այսօր, ցավոք, մարդկանց կրթությունն այնպիսին է, որ նրա ցանկացած ելույթին ասում են՝ «բրավո», քանի որ չեն տիրապետում նույնիսկ Արցախի ու Հայաստանի նորագույն պատմությանը։ Այս մարդը խոսում է տգետ և ոչ քաղաքական լեզվով, ինչը երկրի ղեկավարին ամենաքիչը վայել չէ։ Եթե ուշադիր էիք, նա իր ելույթը փակեց հետևյալ նախադասությամբ, պետք է խոսակցականով ասեմ՝ «Հարգելի հայրենակիցներ, «փուռն» ենք տալիս Արցախը, և քիչ թե շատ ձեր չոքած խաղաղությունը կապահովենք»»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Ինչ վերաբերում է այս իրավիճակում Արցախի անելիքներին, Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ ապրիլի 13-ի ԱԺ հայտարարությունից հետո տեղի իշխանական պատգամավորները, Արցախի ողջ ժողովուրդը, արտախորհրդարանական ուժերը միավորվեցին և հայտարարեցին, որ Արցախի «կարմիր գծերի» վերաբերյալ ունեն նույն տեսակետը, ինչն ամբողջովին Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը դեմ է։

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք՝ գնալու ենք մինչև վերջ և ապրելու ենք Արցախում և Արցախում ապրելով՝ այդ ամենը թույլ չենք տալու»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը