Մեկնաբանություն

31.08.2011 21:09


Ինչու՞ են աճում գները

Ինչու՞ են աճում գները

Եթե դեռ չեք մոռացել՝ Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ իր մոտ էր հրավիրել վարչապետին ու պետական գերատեսչությունների որոշ ղեկավարների և հեռուստախցիկների առաջ նրանց հանձնարարել էր ապահովել գների տանելի ու մարդկանց աչքերին սովոր մակարդակ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի պահով էլ հանձնարարել էր սահուն արժեզրկել հայկական վճարամիջոցը։ Ս. Սարգսյանն ասել էր նաև, որ եթե անհրաժեշտ արդյունքներն առաջիկայում չլինեն, ապա կոնկրետ մարդիկ պետք է կոնկրետ պատասխանատվության ենթարկվեն։

Այդ խորհրդակցությունից անցան օրեր ու ամիսներ, և պարզվեց, որ հայ ժողովուրդն ընդամենն ականատես է եղել հերթական շոուին։

Բանն այն է, որ նախագահի «պատմական» ցուցումներից ու հանձնարարականներից հետո երկրում գները շարունակեցին կայուն աճել, դոլարը դրամի նկատմամբ շարունակում է թուլանալ կամ մնալ նույն մակարդակին, ինչը նպաստում է ներմուծման քանակական աճին ու տեղական արտադրության վերջնական կացնահարմանը։ Այս ամենի ֆոնին Տիգրան Սարգսյանը մնում է իր տեղում ու շարունակում դեմագոգիայով զբաղվել։ Այնինչ գոնե գների աճի համար պետք է կոնկրետ պաշտոնյաներ լքեին իրենց աթոռները։

Ընդհանրապես գնաճի պահը Հայաստանում ունի մի շարք շերտեր։ Այն որ դա հետևանք է մեր տնտեսական համակարգի ձևախեղվածության՝ կասկած չկա։ Սակայն այսօր կա նաև խնդրի այլ կողմը։

Ինչպես հայտնի է, մեզանում գները, մեծ հաշվով, կարգավորվող են, պարզապես դրանք կարգավորվում են ոչ ֆորմալ առումով։ Դա արվում է երկրի բարձր ղեկավարության կողմից։

Թող զարմանալի չթվա, բայց իշխանություններն այսօր խրախուսում են գնաճը կամ առնվազն դեմ չեն դրան։ Պատճառը շատ պարզ է՝ գների բարձր մակարդակը բերում է համապատասխան հարկային վճարների ավելացման (հիմնականում՝ ավելացված արժեքի հարկի տեսքով), այսինքն՝ սպառողներից ավելի շատ գումարներ են վերցվում։

2009–ի մարտի 3–ին դրամի փոխարժեքի տատանման օգնությամբ մեկ գիշերվա մեջ հանրապետության բնակիչների գրապանը մտնելու գաղափարի հեղինակ Տիգրան Սարգսյանի համար այս պահին կարևոր է շատ գումար հավաքելը և համեմատաբար էժան գնով դոլար գնելը, քանի որ նա պետք է դրսից բերված վարկերի տոկոսները փակի։ Սա վարկած է, որը լուրջ հիմքեր ունի։ Այլապես ինչպես բացատրել այն, որ լայն սպառման ապրանքները կարծես մեկ կենտրոնից եկած հրահանգով թանկանում են, իսկ դոլարի փոխարժեքը, հակառակ Սերժ Սարգսյանի հանձնարարականի, շարունակում է մնալ 365-369 սահմաններում։

Ստացվում է, որ վարչապետը դրսից վարկեր է բերում, հետո դրանք անհայտ ձևով օգտագործվում են, իսկ երբ գալիս է վարկերը մարելու ժամանակը՝ դա արվում է հասարակության հաշվին՝ գները բարձրացնելու և էժան գնով դոլար ձեռքբերելու միջոցով։ Ոչինչ որ այդ ամենի արդյունքում երկրի տնտեսությունն է տուժում, աղքատների թիվն է ավելանում և աճում են արտագաղթի տեմպերը։ «Հայկական աշխարհ» կառուցող վարչապետը, հավանաբար, հենց այդպես էլ նախատեսել էր, որ հայերը լքեն Հայաստանը և համալրեն իր պատկերացրած վիրտուալ աշխարհի շարքերը, այլ ոչ թե մնան այստեղ և վատ կյանքից ելնելով՝ հեղափոխություն անեն։ Տ. Սարգսյանը մի անգամ նույնիսկ կատակել էր այդ թեմայով։ Ժամանակն է, որ համանման մի կատակ էլ սրանց հետ հայ ժողովուրդն անի ու ցույց տա, որ այո՛, մնացել է հայրենիքում, որպեսզի գնա հեղափոխական փոփոխությունների։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը