Քաղաքական

30.06.2022 08:45


«Խաղաղության օրակարգը, հանուն որի՝ Փաշինյանը հազարավոր զոհերի հեղինակ դարձավ, Արցախը հանձնեց, չաշխատեց»․ Մետաքսե Հակոբյան

«Խաղաղության օրակարգը, հանուն որի՝ Փաշինյանը հազարավոր զոհերի հեղինակ դարձավ, Արցախը հանձնեց, չաշխատեց»․ Մետաքսե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հրավիրած առցանց «մամուլի ասուլիսի» ժամանակ անդրադարձել էր նաև Լաչինի միջանցքին։ Պատասխանելով հարցին, թե Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերն անցնելու են Ադրբեջանի՞ն, Փաշինյանը մասնավորապես ասել էր․

«Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին այդ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։ Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պիտի ապահովվեն բնակարաններով։ Այդտեղ գյուղեր են թվարկվում․ ես, անկեղծ ասած, վստահ չեմ, որ խոսքը բոլոր բնակավայրերի մասին է։

Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, և Լաչինում այսօր մարդիկ, ըստ էության, ընտանիքներ չեն ապրում, և կառավարության որոշումներով նրանց խնդիրները լուծել ենք։

Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն։ Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, որովհետև այս պահին այդպիսի տեղեկություններ չունեմ։ Սկզբունքը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս է գտնվում․․․»։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 4 տարի է՝ լսում են Փաշինյանի հակաարցախյան, հակահայկական հայտարարությունները, և, որ այս հայտարարության մեջ որևէ անսպասելի բան չկար։

«Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ փաթեթով, իր ստորագրությամբ վավերացնելով, իր սև գործը կատարել է, հիմա մաս-մաս շարունակում է կատարել։ Չնայած նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը մեր պատմության մեջ ամենաաղետալին է, բայց մենք հիմա այն իրավիճակում ենք, որ այդ փաստաթուղթը փրփուրներից կախվելու մի տարբերակ է, որ այդ հայտարարության կետերը կատարվեն, որոնք առ այսօր չեն կատարվել, մասնավորապես՝ 6-րդ կետը, որտեղ խեղաթյուրած է հայերեն տարբերակը՝ թարգմանությունը, և տպավորություն է, որ դա հատուկ թարգմանվել է ի օգուտ ադրբեջանական կողմի։ Ռուսական տարբերակում նշված է․ «По Лачинскому коридору», հայկական տարբերակում՝ «Լաչինի միջանցքի երկայնքով»։ Ռուսական տարբերակով պահվում է 5 կիլոմետրի պայմանավորվածությունը, որ չի կարող անցնել 5 կիլոմետրը, բայց ինչպես տեսնում ենք՝ ճանապարհը որոշ հատվածներում անցնում է 5 կիլոմետրը։ Այսինքն՝ այդ պայմանավորվածությանը չի՛ համապատասխանում, ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության՝ այն չի կարող լինել կամ համարվել նոր միջանցքը, որը Արցախը պետք է կապի Հայաստանի հետ։

Երկրորդ։ Այդ կետի վերաբերյալ հստակ նշված է, որ այդ ճանապարհի նախագիծը պետք է քննարկման դրվի 3 տարի անց՝ 2023 թվականին։ Դրան հաջորդել են Ալիևի բազմաթիվ հայտարարությունները, որ իրենք շատ արագ են կառուցելու ճանապարհը, բայց ոչ մի խոսք չի եղել քննարկելու մասին։ Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների հետ եղել է բանավոր պայմանավորվածություն, թե որտեղով է անցնելու ճանապարհը, ով ինչն է կառուցելու, և արդյունքում ստացվում է, որ այդ ճանապարհը կառուցեց Ադրբեջանը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը, ապա ընդգծեց, որ մինչ օրս որևէ փաստաթուղթ չի հրապարակվել, որտեղ ստորագրություն լինի այդ նախագիծը հաստատելու վերաբերյալ։

Փաշինյանի «առցանց ասուլիսի» հաջորդ կարևոր դրվագը, արցախցի պատգամավորի խոսքով՝ հետևյալ հայտարարությունն է․

«Շատ տարօրինակ հայտարարություն, որից հետո ուղղակի հասկանում ես, որ այս անձը ստորագրել է փաստաթղթի տակ, բայց ընդհանրապես չի անդրադարձել։ Վստահ ես լինում, որ այն բանակցությունների քողի տակ, որ մեկնում է այստեղ-այնտեղ, ուղղակի գնում՝ հանձնարարականն է ստանում, ապա գալիս՝ կատարում, որովհետև ինքը պարտված վարչապետ է և ինքը կատարող է, այլ ոչ թե բանակցային սեղանի շուրջ նստող կամ քննարկող։ Շատ կարևոր մի հանգամանք կար իր խոսքում, երբ ասաց, թե «աղետներից հետո պետք է փոխենք մեր մտածողությունը, շատ ծանր թեմաների մասին ենք խոսում», և սկսում է թվարկել՝ սահմանների դեմարկացիա, Լաչինի միջանցքի փոփոխություն, ներկայացնում է իր տեսակետը, որն իր հետ սպառնալիք է բերում։ Այսինքն՝ այս մարդը փաստում է դա, հետո շարունակում է․ «Այո՛, շատ տհաճ թեմաներ են՝ խաղաղության պայմանագիր, Ղարաբաղի հարց»․․․ Ինքը խաղաղության պայմանագիրն արդեն տհաճ թեմա է համարում, նորություն չի, որ Ղարաբաղն իր համար տհաճ թեմա է։ Ինքն այս ամենը մի շնչով ասաց, բայց մի քանի վայրկյանում իրար հակասող 2 միտք ասաց, որ մի կողմից սպառնալիքներ են, մյուս կողմից՝ անվտանգային հարց է լուծում․․․

Թվարկելով իր համար տհաճ թեմաները, անցավ այն հանգամանքին, որ որևէ կերպ ինքն այլևս չի կարող խաղաղության երաշխավոր լինել, և ըստ էության փաստեց, որ խաղաղության այն օրակարգը, հանուն որի ինքը փաստորեն հազարավոր զոհերի հեղինակ դարձավ, ինչը ինքն էլ չի հերքում, նաև Արցախը հանձնեց, միևնույն է՝ այդ խաղաղության օրակարգը չաշխատեց։ Ստացվում է, որ այս մարդը շարունակում է մասնատել մեր հայրենիքը՝ թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, ու բանավոր պայմանավորվածությունների շրջանակում շարունակել հանձնել։ Դրան զուգահեռ՝ ավելացնում է նաև պատերազմի վտանգը, ինչով ինքը «կաշառել» է ժողովրդին՝ խաղաղության օրակարգով․․․»:

Կրկին անդրադառնալով Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե Բերձորում այս պահին մարդիկ չեն ապրում, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կա՛մ չիմանալով, կա՛մ միտումնավոր նա ստեց․

«Ես փաստում եմ, որ Բերձորում ապրում է մի քանի հարյուր մարդ, գիտեմ, որ ապրում է մի քանի տասնյակ դպրոցահասակ երեխա և ավելի փոքր տարիքի երեխաներ։ Իրականում այնտեղ ապրում են այն մարդիկ, որոնք չկարողացան գտնել այլ հայրենիք, որովհետև իրենց հայրենիքը դա է։

Առաջին նախադասությամբ ասաց, որ Հայաստանի կառավարության միջոցներով կլուծվեն Բերձորի բնակիչների հարցերը, հաջորդ նախադասությամբ ասաց, որ արդեն լուծվել են։ Ինքը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ միտումնավոր նման բառախաղ է անում։

Հաջորդը, որ Աղավնոյի բնակիչներով կզբաղվի Արցախի իշխանությունը, եթե նկատեցիք՝ Սուսի մասին ինքը տեղյակ չէր, չգիտեր, որ կա ևս մեկ համայնք՝ Սուս անունով։

Երբ խոսում է ԼՂԻՄ-ի մասին, հարց է առաջանում, ինչո՞ւ Հադրութի, Շուշիի մասին չի խոսում, բա ո՞նց եղավ այս դեպքում․․․

Այս մարդը չի թաքցնում, որ ինքը թուրքական գործակալ է, որ ինքն ամեն բան անելու է, որ վերջնականապես կատարի նրանց երազանքը՝ տալով և՛ Արցախը, և՛ Սյունիքը, այն, ինչ թուրքը մի դար երազում, ձգտում է, ու դրա համար պարարտ հող ստեղծել է Հայաստանի վարչապետը»։

Դիտարկմանը, որ նախքան Փաշինյանի «առցանց ասուլիսը» բազմաթիվ քաղաքական գործիչներ բարձրաձայնում էին Լաչինի միջանցքն ադրբեջանական վերահսկողության տակ թողնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամության մասին, այդ համատեքստում շատ կարևոր էին համարում Բերձորը որքան հնարավոր է շատ մարդկանցով բնակեցնելը, ԱՀ ԱԺ պատգամավորն ասաց, որ իրենք ևս բազմաթիվ անգամներ այդ հարցը բարձրացրել են, ավելին՝ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ։

«Մեր խմբակցությունում ևս կա բերձորցի պատգամավոր, որը պատերազմից հետո՝ 2 տարի միայն դրանով է զբաղված՝ քարոզելով, որպեսզի բնակիչները վերադառնան այնտեղ ապրելու։ Բազմաթիվ մարդիկ գիտեմ, որ ուզում են վերադառնալ, բայց շատ լավ գիտեք, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ինչ թալանի ենթարկվեց Բերձորը․․․ Պետք է ՀՀ և ԱՀ իշխանությունները համատեղ ուժերով այնտեղ պայմաններ ստեղծեն, որ մարդիկ կարողանան ապրել․․․

Աղավնոյում այդ խնդիրը չկա, այնտեղ եղած մարդիկ այնքան հաստատակամ են, որևէ կերպ չեն պատրաստվում կատարել այդ պահանջները, իմ ունեցած տեղեկություններով՝ կան մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ Աղավնո, այնտեղ հնարավորություն կա ապրելու։

Խնդրի ելքը, ցանկացած պարագայում, ինչի մասին խոսենք, որն առնչվում է Արցախին՝ բանակցողի փոխվելն է։ Մենք որտեղ, ինչ ուզենանք անել՝ պատնեշների ենք հանդիպելու, հատկապես Արցախի քաղաքական ուժերը, ինչ-որ տեղ՝ նաև Արցախի իշխանությունները, որովհետև շատ ամուր պատնեշ է մեր առջև դրված, այն աստիճանի, որ մենք նույնիսկ ՀՀ իշխանությունների հետ համագործակցության բոլոր հնարավորություններից զրկված ենք։ Չկա՛ն միջխորհրդարանական հարաբերություններ, չկա՛ն արտաքին գործերի նախարարների միջև բացարձակ որևէ տեսակ հարաբերություններ։ Այսինքն՝ ՀՀ իշխանություններն այդ ամենը փակել են մեր առջև և որպես քաղաքական դաշտի ներկայացուցիչներ՝ մեր գործողությունները կարողանում ենք սկսել և ավարտել Արցախում։ Ամբողջ հարցը նրանում է, որ բանակցողը պետք է փոխվի, և բոլոր բանավոր պամանավորվածությունները, որոնք ինքն ունի և շարունակում է ունենալ՝ ի չիք դարձան։ Դրանով նաև հնարավորություն կստեղծվի խոսել նաև գրավոր պայմանավորվածությունների մասին, սա ամենակարևորն է, որ պետք է անել, մնացածը, կարծում եմ՝ փրփուրներից կախվելն է, բայց նույնիսկ, եթե դա փրփուրից կախված է, պետք է Բերձորը բնակեցվի, պետք է մարդիկ գան ու ապրեն։ Շատերը անվտանգության երաշխիքների իրենց պատկերացումներն ունեն, չունենալով այդ երաշխիքները՝ չեն գալիս, բայց այս ընթացքում ռուս խաղաղապահների գործունեությունն այդ առումով շատ բարձր մակարդակի վրա է, Բերձորում որևէ խնդիր չկա, չի կարող լինել, քանի դեռ իրենք այնտեղ են։ Եթե մարդիկ շատանան, կարծում եմ՝ պետք է արդեն հաշվի նստեն, չնայած դա չի նշանակում, որ այնտեղ արդեն իսկ բնակվող մի քանի հարյուր մարդու հետ հաշվի նստել պարտավոր չեն․․․»։

Հարցին՝ ինչպե՞ս է իրականացվելու Բերձորում բնակեցման գործընթացը։ Օրինակ՝ եթե մարդը ցանկություն ունի հենց այսօր գնալ և Բերձորում ապրել, ի՞նչ պետք է անի, ո՞ւմ դիմի, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ Բերձորի ամբողջ վարչակազմն աշխատում է․

«Թե՛ Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարը, թե՛ քաղաքապետն այնտեղ են, ցանկացած ոք, ով ուզում է, կարող է մոտենալ։ Եթե ինչ-որ խոչընդոտ կառաջանա, մենք բաց ենք բոլորի համար և պատրաստ ենք խնդրի դեպքում աջակցել, խնդիրները բարձրաձայնել»։

Այս խորագրի վերջին նյութերը