Քաղաքական

01.07.2022 16:22


Ինչո՞ւ է իշխանությունն ազատվում Իշխան Սաղաթելյանից

Ինչո՞ւ է իշխանությունն ազատվում Իշխան Սաղաթելյանից

Yerkir.am-ը գրում է. «ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները շարունակում են «բռնաբարել» ՀՀ սահմանադրությունը և տապալել «ժողովրդավարության բաստիոն» հայտարարված Հայաստանի սահմանադրական կարգը:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ի և Արցախի թշնամիների հետ քիրվայություն անող փաշինյանական խունտան նախաձեռնել է ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հեռացնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին (ԱԺ փոխնախագահ) և Վահե Հակոբյանին (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ):

2022 թ. ապրիլին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ իրենց պայքարն այսուհետ շարունակելու են փողոցում, այլ ոչ թե ԱԺ-ի շենքում` որպես վերջնանպատակ նշելով մեծ ողբերգությունների պատճառ դարձած այս իշխանությունների հեռացումը:

Իրենց 5 էջանոց «հիմնավորման» մեջ ՔՊ-ականները բազմաթիվ ծիծաղելի «փաստարկներ» են ներկայացնում, օրինակ՝ բացակայություններ, «բախումներ հրահրել ցուցարարների և ոստիկանների միջև», «ԱԺ փոխնախագահի պարտականությունների չկատարում» և այլն:

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի առաջին կետում նշված է, որ տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, որպես կանոն՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից:

Այսպես՝ Իշխան Սաղաթելյանի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելը ՔՊ-ի «նվերը» չէ, ինչպես նրանք են ցանկանում ցույց տալ, այլ, ըստ օրենքի, ընդդիմությանը նախատեսված պաշտոն է, իսկ այդ պաշտոնին ընդդիմությանը և, մասնավորապես, Սաղաթելյանին, նշանակել է 269,441 քաղաքացի:

Ընդդիմադիրների դեմ շարքային ոստիկանի էժանագին ցուցմունքի նմանվող այս «հիմնավորումը» սեփական ընտրազանգվածին մոլորեցնելու, նրանց հանրության այլ հատվածի հետ թշնամացնելու հերթական փորձերից է:

ՔՊ-ականների կողմից Իշխան Սաղաթելյանին` իր պարտականությունները չկատարելու մեջ մեղադրելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սեփական անմեղսունակությունն ու ապազգային գործելաոճը կոծկել, իսկ այս օրերին նաև Բերձորի, Աղավնոյի դավաճանական հանձնման գործընթացից հանրության ուշադրությունը շեղել:

Իրականում, Իշխան Սաղաթելյանն անցած ամիսների ընթացքում ակտիվորեն մասնակցել է խորհրդարանական կյանքին, հանդես եկել բազմաթիվ ելույթներով, գործընկերներ Արամ Վարդևանյանի և Աղվան Վարդանյանի հետ 2022 թ. մարտին հեղինակել է նաև հույժ կարևոր օրինագիծ, որով առաջարկվում էր քրեականացել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն. ինչպես և սպասելի էր, ՀՀ իշխանությունները դեմ քվեարկեցին և մերժեցին հիշյալ օրինագիծը` ցույց տալով, որ շարունակելու են հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելու՝ իրենց դավադիր քաղաքականությունը:

Իշխան Սաղաթելյանի խորհրդարանական գործունեության մաս են կազմել նաև 2021 թ. նոյեմբերին նախաձեռնված խորհրդարանական լսումները: Նշված նախաձեռնության միջոցով բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր և անհատ գործիչներ, գիտնականներ ու մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ մեկ ամբողջ օր խորհրդարանի ամբիոնից հնչեցրել են լրջագույն մտահոգություններ և առաջարկներ սահմանազատման ու սահմանագծման տխրահռչակ գործընթացի վերաբերյալ:

Իրականում, փաշինյանական ռեժիմը Իշխան Սաղաթելյանից փորձում է ազատվել նաև մեկ այլ պատճառով. ԱԺ-ում իր իննամսյա գործունեության ընթացքում (2021 թ. օգոստոսից 2022 թ. ապրիլ) նա հանդիպել է բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների հետ` ներկայացնելով ՀՀ-ում տիրող իրական վիճակը, իշխանությունների հակաժողովրդավարական գործելակերպը, Հայաստանի գլխին կախված անվտանգային խնդիրները և այլն: Ահա հենց սույն հանգամանքն է նաև լրջագույնս ցավեցրել Փաշինյանին և նրա խմբակին, քանզի Իշխան Սաղաթելյանի միջոցով միջազգային կազմակերպությունները և օտար պետությունները աղերսվել են ՀՀ-ում տիրող իրականության հետ, այն իրականության, որը խեղաթյուրելով` փաշինյանական բռնատիրական ռեժիմը ՀՀ-ն ներկայացնում է որպես ժողովրդավարության լոկոմոտիվ:

Ի հավելումն այս ամենին` Սաղաթելյանը՝ որպես ԱԺ փոխնախագահ, հանդիպումներ է ունեցել նաև Սփյուռքի կառույցների, ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ հանձնախմբերի և Սփյուռքում հայանպաստ գործունեություն ծավալող օտարազգի գործիչների հետ: ԱԺ փոխնախագահը, ի տարբերություն ԱԺ նախագահի, իշխանական փոխնախագահների և Փաշինյանի իշխանության վերնախավի, հանդիպումներ է ունեցել նաև Արցախի պատվիրակությունների հետ, բազմիցս այցելել Արցախ և ձեռնամուխ եղել արցախահայության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործին:

Ստորև հավելվածի տեսքով ներկայացնում ենք Իշխան Սաղաթելյանի խորհրդարանական արդյունավետ գործունեության մասին փաստող տեսանյութերի հղումներ.

https://www.youtube.com/watch?v=W32WyjcKj9E

https://www.youtube.com/watch?v=BYGd99XvQBU

https://www.youtube.com/watch?v=sC9EYx5_mUA

https://www.youtube.com/watch?v=nNkYYcS-bwE

https://www.youtube.com/watch?v=DkSBrZxHpgU

https://www.youtube.com/watch?v=TBnWhP5Vnpg

https://www.youtube.com/watch?v=Zx0PoOBOq1o

https://www.youtube.com/watch?v=bbM6EkQ_3oM

https://www.youtube.com/watch?v=FoBYAc7yBZ4

https://www.youtube.com/watch?v=iGKLaTzLPgs

https://www.youtube.com/watch?v=w1ph-zPDYts»

Այս խորագրի վերջին նյութերը