Քաղաքական

02.07.2022 14:34


Ջհանգիրյանի վերաբերյալ Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել

Ջհանգիրյանի վերաբերյալ Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։ Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել էին դատախազությունից, ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։

Ձայնագրության հրապարակումից 10 օր անց, ի վերջո, ՔԿ-ն հայտնեց, թե վարույթ են նախաձեռնել։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։

Այս խորագրի վերջին նյութերը