Քաղաքական

02.07.2022 22:30


«Կինս դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված ստացավ, մահացավ, ինձ 10 դիակ են ցույց տվել՝ ամբողջական, կեսից կտրած». անհայտ կորած զինծառայողի ծնողը չի իմացել, որ որդուն հուղարկավորել են

«Կինս դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված ստացավ, մահացավ, ինձ 10 դիակ են ցույց տվել՝ ամբողջական, կեսից կտրած». անհայտ կորած զինծառայողի ծնողը չի իմացել, որ որդուն հուղարկավորել են

Այսօր կառավարության առաջ բողոքի ցույց էր անում նաեւ անհայտ կորած զինծառայողի ծնող Գեւորգ Արաբաչյանը:

Ինչպես հաղորդում է Aravot.am-ը, նա եկել էր Իջեւանից, պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Ասում է, որդին երկու տարի է` չկա, բայց մի օր պարզել է, որ նրան արդեն հուղարկավորել են: Ասում է՝ չի հավատում, որ իր որդուն են հուղարկավորել, նրան հասանելիք գումարն էլ իբր աներձագի անունով հատկացրել են:

«Նիկոլ Փաշինյանը պետք է ինձ հանդիպի, մեղավորներին բերի իմ առաջ կանգնեցնի: Հե՞շտ է, ասում են երեխադ հուղարկավորված է, ո՞ւր եք եկել այստեղ: Տասը դիակ են ցույց տալիս: Կոմպյուտերով նայում ենք, գրված է, որ Ազատամուտ գյուղում հուղարկավորված է, անգամ հետմահու մեդալ են ուղարկել, բայց ես չեմ վերցրել»:

Նրա խոսքով, կինը դիահերձարաններ գնալ-գալով սրտի կաթված է ստացել ու մահացել, անչափահաս երեխան մնացել է իր խնամքին:

«Գնում էինք դիահերձարաններ իմ երեխային ճանաչելու: Կանչել՝ ասել են՝ համընկնում կա, ինձ տասը դիակ են ցույց տվել՝ ամբողջական, կեսից կտրած, 15 տոկոս, ես ինչի՞ն հավատամ: Ասում են՝ ավտոն փոշիացել է, մեկ էլ ասում են` դիակը կա»:

Ասել է, որ, եթե այդպես արհամարհված մնա, իր քայլերն է անելու կառավարության գույքը շարքից հանելու է, նշել է նաև, որ ոստիկանների զգուշացումներից, որ կդատվի՝ չի վախենում: «Ես պիտի արյուն թափեմ, ուրիշ տարբերակ չունեմ»,-ասել է անհետ կորած զինծառայողի հայրը:

Կառավարության նամակների բաժնից ասել են, որ դիմումը կփոխանցեն համապատասխան բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը