Աշխարհ

04.07.2022 19:08


Ադրբեջանի ԱԳ նախարարն Իրանում խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից

Ադրբեջանի ԱԳ նախարարն Իրանում խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրանում իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդուլլաhիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ի թիվ այլնի, անդրադարձել է ադրբեջանական կողմի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձգտումին, գրում է Mehr գործակալությունը:

«Մենք հայտարարել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և միջազգային հաղորդակցության վերաբացման մեր պատրաստակամության մասին։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել այս առումով, և մենք Հայաստանին ներկայացրել ենք այն հինգ հիմնական կետերը, որոնք կօգնեն ստորագրել երկու երկրների միջև «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) փաստաթուղթը: Մենք նաև հայտարարել ենք Ադրբեջանում ճանապարհային տրանսպորտի և միջտարածաշրջանային հաղորդակցության վերաբացման մեր պատրաստակամության մասին և առաջարկություններ ենք արել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ»,-ասել է Բայրամովը:

***

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ադրբեջանցի գործընկեր Ջեհյուն Բայրամովի հետ Թեհրանում մամուլի ասուլիսում հայտնել է, որ երկկողմ բանակցությունների շրջանակում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հակամարտության հենց ամենասկզբից Իրանը հայտնել է պատրաստակամություն ճգնաժամը լուծելու երկխոսության միջոցով:

«Մենք պատրաստ ենք, որ մնացած հարցերը լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա և երկխոսության ու դիվանագիտության միջոցով»,-հավելել է Աբդոլլահիանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը