Աշխարհ

05.07.2022 19:17


Իրանն ու Ադրբեջանը հստակեցնում են Սյունիքը շրջանցող նոր երթուղին

Իրանն ու Ադրբեջանը հստակեցնում են Սյունիքը շրջանցող նոր երթուղին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանում հայտարարել է, որ Իրանը կհյուրընկալի 3+3 տարածաշրջանային ձևաչափով հաջորդ հանդիպումը։

«Մենք ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ձևաչափերի, այդ թվում՝ 3+3 մեխանիզմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) շրջանակներում մասնակցության և համագործակցության հարցում։ Մոտ ապագայում Իրանը կհյուրընկալի այս ձևաչափով հանդիպում (առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում)»,-երկուշաբթի Թեհրանում իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է աջակցել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով բեռնափոխադրումների ավելացմանը։

Նշենք, որ 2020 թ. նոյեմբերից հետո ՀՀ իշխանությունների կողմից Իրանին կապող Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից և դրան որպես այլընտրանք կառուցված Տաթև-Աղվանի անորակ և բեռնափոխադրումների համար անհարմար ճանապարհի շինարարությունից հետո Իրանն աստիճանաբար հրաժարվում է Հայաստանի տարածքով տարանցումից, ինչը հսկայական վնաս է մեր երկրին:

Անդրադառնալով Արցախից օկուպացված արևմտյան շրջաններին (Քարվաճառ և Քաշաթաղ) և Նախիջևանի միջև Իրանի տարածքով տրանսպորտային կապի նախագծին՝ Բայրամովն ասել է, որ մոտ ապագայում կսկսվի տարածաշրջանում առաջին կամրջի շինարարությունը։

Ադրբեջանն ու Իրանը Բաքվում մարտի 11-ին ստորագրել են փաստաթուղթ. այն ստորագրվել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի Ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի կողմից:

Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` «այդ ծրագիրը կփոխի տարածաշրջանի տրանսպորտահաղորդակցային լանդշաֆտը, այն կկապի Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը` հիմք դնելով նոր եվրասիական միջանցքին»:

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը նշում է, որ, այսպիսով, Ադրբեջանն իր համար լուծել է մեկ կարևոր սկզբունքային հարց` «ցամաքային ելք դեպի Նախիջևան, այնտեղից էլ Թուրքիա` առանց Հայաստանի համար հաղորդակցուղիների բացման»: «Սա շատ կարևոր տարր է, քանզի հաղորդակցությունների բացումը կնշանակի հաղորդակցության բոլոր տեսակների բացում։ Այժմ Ադրբեջանը նման պարտավորություններ չունի, և Իրանը ստիպված է խնդրել Բաքվին՝ բացել դեպի Իրան և Ռուսաստան երկաթգիծ իր տարածքով, ինչպես նաև օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից»,- ասել է նա:

«Եթե առաջ հաղորդակցությունների բացումը Հայաստանի համար եղել է Զանգեզուրի միջանցքի բացման դիմաց, ապա այժմ պայմաններն այլ են լինելու, հավանաբար` խաղաղության պայմանագիր՝ տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց»,-նշել է Մամեդովը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը