Աշխարհ

07.07.2022 12:36


Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանի մասին

Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանի մասին

Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները՝ սահմանների սահմանազատման գործընթացը հեշտ գործընթաց չի լինի, կլինեն զգայուն պահեր։ Այս մասին, ըստ АПА-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սահմանների որոշման հանձնաժողովների ձեւավորումն ինքնին բարդ գործընթաց էր։ Հայաստանն ուներ նախապայմաններ։ Նրանք պահանջում էին միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զինծառայողների դեէսկալացիայի եւ սահմանից դուրս բերելու հետ կապված»,-ասել է ադրբեջանցի նախարարը։

«Սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ կանգնած ենք մեր սահմաններին, եւ մեր պարտքն է պաշտպանել մեր սահմանները։ Այս գործընթացն անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրելով պատմական, իրավաբանական փաստաթղթերը՝ մասնագետների մասնակցությամբ բանակցությունների միջոցով։ Սահմանազատումը ժամանակ պահանջող գործընթաց է: Այն հնարավոր չի սկսել ցանկացած ժամանակ եւ ավարտել կարճ ժամանակում։ Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները՝ սա հեշտ գործընթաց չի լինի, կլինեն զգայուն պահեր։ Բայց մենք կարծում ենք, որ հանձնաժողովն ինքնին արդեն առաջընթաց է։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Չի բացառվում հերթական հանդիպումների անցկացումը»,-ասել է նախարարը։

Ջեյհուն Բայրամովը նաև հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա, գրում է minval.az-ը։

«Չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։ Այդուհանդերձ, կան որոշակի մեսիջներ, կան քննարկումներ»,-ասել է ադրբեջանցի նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այս հարցում տարբեր կարծիքներ կան: Ըստ Բայրամովի՝ հայ հասարակության մեջ «ռևանշիստական» (չակերտները՝ Tert.am) կոչեր կան, կան նաև սրանից տարբերվող կարծիքներ։

«Բայց մենք կարծում ենք, որ այս համատեքստում հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարծում եմ, որ բոլորը պետք է հասկանան, որ երկարաժամկետ խաղաղությունն ու տարածաշրջանի զարգացումն այլընտրանք չունեն»,-հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը