Աշխարհ

13.07.2022 19:14


Մոտ 1,1 միլիարդ տարի առաջ Երկիրը հզոր մագնիսական դաշտ է ունեցել

Մոտ 1,1 միլիարդ տարի առաջ Երկիրը հզոր մագնիսական դաշտ է ունեցել

Գիտնականներն ապացույցներ են գտել, որ մոտ 1,1 միլիարդ տարի առաջ մեր մոլորակի մագնիսական դաշտը ռեկորդային ինտենսիվ է եղել՝ համեմատած ավելի ժամանակակից կամ հնագույն ժամանակների հետ: PNAS թերթի հոդվածի համաձայն՝ հայտնագործությունը կասկածի տակ է դնում Երկրի մագնիսականության աստիճանական մարման վարկածները:

Ինչպես գրում են Հարվարդի համալսարանի երկրաբանները, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մոտ 1,1 միլիարդ տարի առաջ Երկրի մագնիսական դաշտի ինտենսիվությունը ռեկորդային բարձր է եղել։ Այս փաստը ոչ միայն ստիպում է գիտնականներին կասկածի տակ դնել որոշ ընդունված տեսություններ, այլ նաև ցույց է տալիս, որ մոլորակի ներքին միջուկը ձևավորվել է շատ ավելի վաղ, քան նախկինում համարվում էր:

Հետազոտողները՝ երկրաբան Ռոջեր Ֆուի գլխավորությամբ, բացահայտում են արել՝ վերլուծելով հրաբխային նմուշները, որոնք գոյացել են մոտ 1,1 միլիարդ տարի առաջ: Ենթադրվում է, որ նմուշները հայտնվել են հին Լաուրենտիա մայրցամաքի տրոհման հետևանքով։ Ժայռերի մեջ հայտնաբերվել են երկաթ պարունակող ապարների մասնիկներ, որոնք պահպանել են նախապատմական մագնիսական դաշտի հետքերը։

Մասնիկների շնորհիվ հաջողվել է գնահատել երկրային մագնիսականության ուժը հնադարում, իսկ անալիզի արդյունքները զարմացրել են գիտնականներին։ Երկրի մագնիսական վահանի ուժն ու լարվածությունը 1,1 միլիարդ տարի առաջ զգալիորեն գերազանցել են ժամանակակից ցուցանիշները, ինչպես նաև հնադարի տարբեր դարաշրջանների ցուցանիշները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը