Տնտեսական

13.07.2022 20:46


Ամսական միջին կենսաթոշակի 15-ապատիկի չափով նախարարները պարգևավճար են ստանում

Ամսական միջին կենսաթոշակի 15-ապատիկի չափով նախարարները պարգևավճար են ստանում

Զավեշտ է, ուղղակի, երբ փաստացի բոլոր հարցերում ձախողած բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն ամիս պարգևատրվում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց տնտեսագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նկատելով, որ հանրային ծառայողին, օրենքով սահմանված հիմքով, պարգևատրել թույլատրվում է որակյալ աշխատանքի կամ բարձր կատարողականի դեպքում հիմնականում։ Պարգևավճարների համար իրավական և փաստական հիմքեր պետք է լինեն․ ինչ հիմա արվում է, օրենքի ակնհայտ խախտում է։

«Երկրի փաստացի ղեկավարն ասում է, թե պիտի պարգևատրենք, որ լավ ապրեն պաշտոնյաները, հակառակ դեպքում՝ կզբաղվեն կոռուպցիայով։ Ստացվում է՝ պարգևատրվում են, որ լավ աշխատեն, բայց հակառակը պետք է լինի։ Աբսուրդ է, երբ երկրի՝ սոցիալ-տնտեսական օրեցօր բարդացող պայմաններում ամեն ամիս իրենց աշխատավարձի չափով պարգևատրվում են նախարարները՝ այն դեպքում, երբ այդ նույն մարդիկ կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի մասին խոսելիս ինչ-որ մակրոտնտեսական անհասկանալի ցուցանիշներ են բերում, թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելը փորձում կապել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ»,-ասում է տնտեսագետը։

Ավետիսյանի արձանագրմամբ՝ պետական բյուջեի հաշվին բարձրաստիճան պաշտոնյաների կյանքի որակը կտրուկ բարելավվել է, իսկ շարքային քաղաքացիների՝ այդ թվում իրենց քվե տվածների սոցիալական վիճակը՝ օրըստօրե ծանրանում։

«Գործադիրում ամեն ամիս նախարարները, նրանց տեղակալները, ինչպես նաև աշխատակազմի քարտուղարները պարգևավճար են ստանում իրենց աշխատավարձի չափով։ Նախարարի անվանական աշխատավարձը մոտավորապես 800 հազար դրամ է։ Այսինքն՝ ամսական ավելի քան 1,5 մլն դրամ նախարարը ստանում է։ Ազգային ժողովի պատգամավորներն էլ վերջին 10 ամսվա ընթացքում երեք անգամ են պարգավճար ստացել։ Որ բաժանում են ամիսների, ստացվում է՝ յուրաքանչյուր ամիս նրանց իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով գումար են ստացել։ Այսինքն՝ ավելի քան 900 հազար դրամ էլ պատգամավորներն են ստացել։ Ստացվում է՝ ամսական միջին կենսաթոշակի հնգապատակի չափով պատգամավորներն են պարգևավճարներ ստացել, 15-ապատիկի չափով էլ՝ նախարարները»,-շեշտեց տնտեսագետը։

Ավետիսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Գործադիրում փաստացի աշխատող, հիմնական բեռն իրենց վրա կրող հատվածը չի օգտվում այդ պարգևներից, այլ՝ կոնկրետ իշխող խմբակի անդամներն են ստանում դա։

Որ ապօրինի հարստացման այդ ձևը՝ անօրինական պարգևավճարները, այս իշխանության հնարավոր է վերացնել, տնտեսագետը, անհնար է համարում, բայց համոզված է, որ իշխանությունը փոխվելու դեպքում վերացվելու են, ավելին՝ վճարված գումարները պետական բյուջե հետ վերադարձնելն է հնարավոր համարում։

Մեր զրուցակիցը շեշտում է՝ սոցիալականից բացի, նաև անվտանգային խնդիրների նկատմամբ ներկա իշխանության անտարբերությունը ցայտուն կերպով երևում է սահման պահող պայմանագրային զինծառայողին և քաղաքում շքեղ մեքենաներով շրջող պարեկին տրվող գումարների չափից։ Ի դեպ, եռամյսա հավաքների մասնակիցներին ևս պետությունը սիմվոլիկ գումար է վճարում՝ ամսական 180 հազար դրամ։ Եթե հաշվի ենք առնում այն, որ բազմաթիվ ընտանիքներ ունեն վարկային պարտավորություններ և նկատի ենք ունենում նաև այն, որ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ հոգու հաշվով կազմում է 80 հազար դրամ, ապա հարց է ծագում, թե այդ ընթացքում, օրինակ, 4 հոգանոց ընտանիքն ինչպես պետք է ապրի։

«Սրանով էլ պարզ երևում է այս իշխանության պատկերն ու իշխանության գալու իրական նպատակները։ Ոստիկանն ապահովում է իրենց ու իրենց աթոռի անվտանգությունը, իսկ զինվորն ու պայմանագրայինը՝ երկրի սահմանները։ Վերջինն իրենց համար որևէ արժեք չունի»,-եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը