Տնտեսական

14.07.2022 17:17


ՀՀ-ում թանկանում են ապրանք-ծառայություններ, որոնց գինը տարիներ շարունակ անփոփոխ է եղել

ՀՀ-ում թանկանում են ապրանք-ծառայություններ, որոնց գինը տարիներ շարունակ անփոփոխ է եղել

Հայաստանում սկսել են բարձրանալ այնպիսի ապրանքների ու ծառայությունների գները, որոնք տևական ժամանակ չէին բարձրացել։ Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում գնաճի թեմայով հրավիրած արտահերթ նիստում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Օրինակ` վերջին 10 տարվա ընթացքում վարսավիրական ծառայությունների գների աճ համարյա չի եղել, մենք հիմա նկատում ենք այդ տիպի ծառայությունների գների աճ»,–ասաց Գալստյանը` հավելելով, որ նման ապրանք–ծառայությունների ամսական գնաճը գերազանցել է ամսական 1 տոկոսը։

Ըստ ԿԲ նախագահի` նման աճը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ, քանի որ ավելացել է նաև Հայաստանում գտնվող ու այդ ծառայություններից օգտվողների թիվը։

«Չգիտեմ` 60 000 է, թե 30 000 է, թվերը տարբերվում են` կախված ժամանակահատվածից։ Բայց այդ մարդիկ ներկայացնում են պահանջարկ այդ տիպի ծառայությունների նկատմամբ։ Բնականաբար, վարսավիրն էլ, տեսնելով ընդհանուր գնաճային միջավայրը, ասում է` ես էլ իմ գները բարձրացնեմ»,–ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով` այսօրինակ ապրանք–ծառայությունները կազմում են նվազագույն սպառողական զամբյուղի գրեթե կեսը` 50 տոկոսը։

Մյուս կողմից խնդիրը մտահոգում է ԿԲ նախագահին այն տեսանկյունից, որ գնաճը պայմանավորված է զուտ պահանջարկի աճով և ոչ առաջարկի։ Մինչդեռ Հայաստանի արտադրական հզորությունները նույնիսկ կարող են չբավարարել առաջացած բարձր պահանջարկը։

Խնդրի լուծման համար ԿԲ նախագահը չբացառեց, որ ԿԲ–ն առաջիկայում կորոշի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ահագնացող գնաճը զսպելու և գնաճը 4– տոկոսանոց թիրախում պահելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը