Տնտեսական

16.07.2022 15:42


Սպառողները չեն հավատում այս իշխանություններին․ գնաճի ֆոնին լրացուցիչ պահանջարկ է առաջանում․ Թադևոս Ավետիսյան

Սպառողները չեն հավատում այս իշխանություններին․ գնաճի ֆոնին լրացուցիչ պահանջարկ է առաջանում․ Թադևոս Ավետիսյան

Մինչ իշխանության տնտեսական բլոկի ներկայացուցիչները և, մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փորձում են կեղծ լավատեսությամբ վարագուրել տնտեսական առկա բացասական միտումները, լրջագույն խնդիրները, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կամա թե ակամա պարբերաբար ներկայացնում է իրականությանն առավել մոտ դրվագներ։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ «Գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները» քննարկման ժամանակ, Կենտրոնական բանկի նախագահը մասնավորապես արձանագրել է, որ ՀՀ արտադրողական հզորությունը չի բավարարում այն պահանջարկը, որը կա, որ առկա է 10,3 տոկոս գնաճ, և, որ եթե դրամը չարժևորվեր, գնաճն ավելի մեծ կլիներ։

168.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անգամ ԿԲ նախագահն է նշել, թե գնաճը ոչ միայն դրսից է ներմուծված, այսինքն՝ միջազգային շուկաների թանկացումներն են բերել այդ գնաճին, այլև՝ ներքին առաջարկն է կրճատվել, և տնտեսությունն այդ աճող պահանջարկը չի կարողանում բավարարել։

«Կարճ ասած՝ գյուղատնտեսության ոլորտը պերմանենտ կրճատվում է։ Երբ լոլիկի, կարտոֆիլի գինն այսչափ թանկանում է, կամ ցորենը և ալյուրը, դա նաև այն պատճառով է, որ մեր երկրում ցանքատարածություններն ու վարելահողերն են էապես կրճատվել․ երբ բանջարեղենը գյուղատնտեսական երկրում թանկանում է 50 տոկոսով, սա չի կարելի բացատրել միայն միջազգային շուկաների թանկացումներով»,- մանրամասնեց նա։

Հաջորդ գործոնը, ըստ տնտեսագետի, մարդկանց սպասումներն են։ Ըստ նրա՝ սպասումները ներքին գործոն են․ եթե երկրի իշխանությունները չեն կարողանում կայունություն և որոշակիություն ապահովել, սպառողները չեն հավատում այս իշխանություններին, գնաճի ֆոնին լրացուցիչ պահանջարկ է առաջանում։ Մարդիկ ավելի շատ գնումներ են կատարում, ինչը հանգեցնում է առավել մեծ գնաճի։

Դրամի արժևորմանն անդրադառնալով՝ Թադևոս Ավետիսյանը վստահեցրեց՝ եթե չլիներ դրամի արժևորումը, ապա մեր երկրում այսօր արձանագրված միջին գնաճը կլիներ 20 տոկոսով ավելի․

«Եթե մենք այսօր ունենք միջին գնաճ 10 տոկոսից ավելի, երկնիշ, դրան էլ պետք է գումարեինք ևս 15-20 տոկոս։ Սակայն շեշտենք, որ դրամի արժևորման մեջ մեր երկրի իշխանություններն այնքան դերակատարում ունեն, որքան, օրինակ, Կամերունի և Զամբիայի իշխանությունները, որովհետև այս արժևորումը բացառապես պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, և այն տնտեսական սահմանափակումներով, որոնք կիրառվում են մեր ռազմավարական, տնտեսական գործընկեր երկիր Ռուսաստանի նկատմամբ»։

Քաղաքական գործիչը համոզված է՝ դրամի արժևորման դրական էֆեկտները ժամանակավոր են, քանի որ այն պատահական արտաքին գործոնը, ինչը բերել է տնտեսական ակտիվության աճի, դրամի արժևորման, դրա վերացման պարագայում՝ հակառակ էֆեկտն է լինելու։

Գնաճի սոցիալական հետևանքների մասին իր դիտարկումներում Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց միջազգային փորձը՝ արձանագրելով, որ գնաճի ֆոնին բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում բարձացվում են նվազագույն եկամուտ ունեցող մարդկանց, սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները, այդ թվում՝ պետական նպաստները, կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձերը։

«Գնաճի ամենամեծ հարվածը ստանում են սոցիալապես խոցելի խմբերը։ Այսպիսի իրավիճակում, ակնհայտ է, որ պետությունը պետք է դերակատարում ունենա և առնվազն գոնե միջին գնաճի չափով մարդկանց եկամուտները բարձրացնի։ Սա չի արվել մեր երկրում․ 2020թ․ հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի, աղքատության նպաստի, նվազագույն աշխատավարձի չափը չի բարձրացվել։ Ռուսաստանն այս տարի երկու անգամ բարձրացրել է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի չափը, Վրաստանը տարեսկզբին է բարձրացրել գնաճից ավելի։

Գնաճի կարգավորումը ԿԲ-ի գործառույթն է, բայց այն գործոնները, որոնք բերում են գնաճի, և սոցիալական հարցերը, օրվա իշխանությունների անելիքն են, իսկ այստեղ առկա է ձախողում։ Երկիրը բերել են մի վիճակի, որ չեն էլ կարողանում գոնե նվազագույն գնաճի չափով բարձրացնել մարդկանց թոշակները, աղքատ ընտանիքների նպաստները»,-պարզաբանեց տնտեսագետը։

Այս խորագրի վերջին նյութերը