Կարծիք

20.07.2022 12:44


Ինչո՞ւ է Ադրբեջանը մտել հակառուսական թրենդի մեջ և ինչո՞վ է դա կապված «Զանգեզուրի միջանցքի» խնդրի լուծման հետ (լուսանկար)

Ինչո՞ւ է Ադրբեջանը մտել հակառուսական թրենդի մեջ և ինչո՞վ է դա կապված «Զանգեզուրի միջանցքի» խնդրի լուծման հետ (լուսանկար)

Շատերը նկատեցին, որ թեև ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Մոսկվայի և Բաքվի միջև կնքվեց «դաշնակցային» պայմանագիր, դա չխանգարեց վերջինիս, որ դրանից հետո Ադրբեջանը ինտենսիվ կերպով մտնի հակառուսական թրենդի մեջ: Սկզբում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանության աջակցությամբ Բաքվում անցկացվեց «Ուկրաինային աջակցող մեծ հանրահավաք»: Հետո գործի մեջ մտան ադրբեջանական լրատվամիջոցները: Ընդորում, ադրբեջանցիների հակառուսական քարոզչությունը այնքան ակնհայտ բնույթ ունեցավ, որ Մոսկվան ստիպված արգելք դրեց մի շարք ադրբեջանական ազդեցիկ ԶԼՄ-ների սփռման վրա՝ Ռուսաստանի տեղեկատվական տիրույթում:

Հետո, երբ սկսվեց հայ-ադրբեջանական «երկխոսությունը», և պարզ դարձավ, որ այստեղ էլ կա մրցակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, Ադրբեջանը, գրեթե բացահայտ սկսեց ցույց տալ, որ գերադասում է այդ գործընթացի արևմտյան մոդերատորությունը: Եվ վերջապես, երբ սկսվեց ռուս-արևմտյան էներգետիկ պատերազմը, Բաքուն համաձայնեց երկու անգամ ավելացնել դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները:

Իսկ վերջերս, Ադրբեջանի ԱԳ նախարարը ինտենսիվ հանդիպումներ է ունենում Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԵՄ-ի արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելի հետ: Եվ ամենակարևորն այն է, որ բոլոր այդ հանդիպումներում, Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից փոխանցվող գլխավոր մեսիջն այն է, որ հենց «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքի արդյունքում է հնարավոր, իբր, ոչ միայն «կայուն խաղաղություն» ապահովել Հարավային Կովկասում, այլև հնարավոր կլինի այդ միջանցքով կառուցել նոր տրանսպորտային ուղիներ և նույնիսկ նոր էներգակիրներ:

Բանը հասել է նրան, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը երկու օր առաջ Բաքու էր ժամանել՝ Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցերը:

Բաքվի բոլոր այս քայլերը ցույց են տալիս, որ այդ երկիրը որոշել է լուրջ հակառուսական թրենդի մեջ մտնել: Իսկ իր քայլերի անվտանգության խնդիրը Մոսկվայի հնարավոր հակաքայլերից իր վրա է վերցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ունի լավ հարաբերություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացի այդ Անկարան, ի տարբերություն ՆԱՏՕ-ի այլ երկրների, միակը դարձավ, ով համաձայնում է հանդիպել և շփվել Պուտինի հետ: Մոսկվայում այս օրերին դա բարձր են գնահատում, և Թուրքիայի այդ քաղաքականությունը, փաստացի, ապահովում է Բաքվի անվտանգությունը Ռուսաստանի հնարավոր հակաքայլերից:

Իսկ Բաքվի քայլերն իրենց հերթին ունեն մեկ նպատակ՝ ցույց տալ Արևմուտքին, որ Ադրբեջանը, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում կարող է լուրջ արևմտամետ թրենդի մեջ հայտնվել՝ չվախենալով ռուսական հակազդեցությունից:

Ինչ վերաբերում է ներկայիս Հայաստանի իշխանության քայլերին, ապա այս «փողոցային» մակարդակի իշխանության պատկերացումները չեն տարբերվում երևանյան սրճարաններում բամբասանքներով զբաղվող անգործ մարդկանց պատկերացումներից: Եվ դա այնքան ցցուն է երևում դրսի համար, որ վերջիններս մասնավոր զրույցներում դա չեն էլ թաքցնում՝ ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին, որը հանդուրժում է այս աստիճանի անմակարդակ իշխանությանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը