Աշխարհ

22.07.2022 21:45


Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները կրկնել են հայ-իրանական սահմանի վերաբերյալ Խամենիի հայտարարությունները

Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները կրկնել են հայ-իրանական սահմանի վերաբերյալ Խամենիի հայտարարությունները

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները երկրի տարբեր շրջաններում կրկնել են հայ-իրանական սահմանի վերեբերյալ Այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարությունները: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացել է իրանական լրատվամիջոցներից:

Մասնավորապես, ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ Հոսեյն Աբդութորաբիֆարդը հայտարարել է. «Հոգևոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձավ նաև Հայաստան-Իրան հաղորդակցական ճանապարհին: Իրանը տարածաշրջանային փոփոխությունների նկատմամբ շատ զգայուն է, և թույլ չի տա, որ վնաս հասցվի այն ճանապարհին, որը հազարավոր տարիների վաղեմություն ունի և տարածաշրջանի ժողովուրդների հզորության, անվտանգության և խաղաղության գործոններից է»: Ելույթի մեկ այլ մասում նա նշել է. «Իհարկե, մեր բոլոր հարևանները՝ հարավային, արևելյան, արևմտյան, հյուսիսային թող իմանան՝ իրենց հզորությունը Իրանի հզորությունն է: Մենք մտածում ենք նրանց տարածքային ամբողջականության, քաղաքական, պաշտպանական, տնտեսական, անվտանգային հզորության մասին: Մենք Իրանի հզորությունը տարածաշրջանի ժողովուրդների հզորության կողքին ենք տեսնում, և դա Իրանի հստակ ռազմավարությունն է»:

Արևելյան Ատրպատականում Հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ և Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ Ալի Ալ Հաշեմը նշել է. «Իրանը երբեք չի հանդուրժելու որևէ քայլ, որը Իրանի ու Հայաստանի սահմանի արգելափակմանը կհանգեցնի: Իրանը դիմակայելու է դրան, քանի որ այն հազարամյա հաղորդակցական ճանապարհ է»:

Իլամ նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ և Իլամ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետ Ալլահնուր Քյարիմիթաբարն էլ, իր հերթին, ասել է. «Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների այցի ընթացքում հայ-իրանական սահմանի հարցը ևս շեշտվեց: Նրանք թող չպատկերացնեն, թե կարող են սպառնալ հազարամյա համաշխարհային մայրուղուն և Իրանի համար խոչընդոտ ստեղծեն»:

Իրանի այլ շրջանների ուրբաթօրյա աղոթապետերը ևս նույնությամբ կրկնել կամ հիշատակել են Խամենեիի հայտարարությունը:

Հուլիսի 19-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ընդունել էր Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման նպատակով Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ընդգծել էր, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:

Այս խորագրի վերջին նյութերը