Աշխարհ

25.07.2022 19:48


Google-ի համահիմնադիրներից մեկն ամուսնալուծվում է կնոջ՝ Իլոն Մասկի հետ ունեցած սիրավեպի պատճառով․ WSJ

Google-ի համահիմնադիրներից մեկն ամուսնալուծվում է կնոջ՝ Իլոն Մասկի հետ ունեցած սիրավեպի պատճառով․ WSJ

Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը, ով ներառված է և աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում, կնոջից՝ Նիկոլ Շենահանից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել դատարան։ Ինչպես գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, բաժանման պատճառը Շենահանի՝ Իլոն Մասկի հետ ունեցած կարճատև սիրավեպն է եղել։

Հունիսին New York Post թերթը հայտնել էր, որ Բրինը, որի կարողությունը գնահատվում է 93 միլիարդ դոլար, որոշել է բաժանվել կնոջից։ Սա արդեն նրա երկրորդ ամուսնալուծությունն է։

Ըստ դատական փաստաթղթերի՝ ամուսինները միասին չեն ապրում 2021 թվականի դեկտեմբերից։ Զույգն ունի դուստր և դատարանից խնդրում են նրա նկատմամբ համատեղ խնամակալություն սահմանել, իսկ թե ինչ կարողություն են նրանք մտադիր կիսել, փաստաթղթում չի նշվում։ Հայտնի է, որ կողմերը խնդրել են դռնփակ նիստ անցկացնել։

«Նախորդ աշնանն Իլոն Մասկը կարճատև սիրավեպ է ունեցել Սերգեյ Բրինի կնոջ հետ, ինչը վերջ է դրել միլիարդատերերի երկարատև ընկերությանն ու ստիպել է Google-ի համահիմնադիրին այս տարի ամուսնալուծության հայտ ներկայացնել»,-գրում է պարբերականը՝ ընդգծելով, որ Բրինն ամուսնալուծության հայտ է ներկայացրել ընթացիկ տարվա հունվարին։

Ինչպես նշում է Wall Street Journal-ը, 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ Բրինը 500 հազար դոլար է հատկացրել Մասկի Tesla ընկերությանը, երբ վերջինս ամեն կերպ փորձում էր մեծացնել արտադրությունը։ Մասկն իր հերթին 2015 թվականին Բրինին Tesla ամենագնաց էր նվիրել։

Բրինի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններ տալ այս հարցի շուրջ։ Իլոն Մասկը ևս չի մեկնաբանել լուրերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը