Աշխարհ

25.07.2022 19:20


Իսպանիայի Մալագա քաղաքում հայկական եկեղեցի է բացվել

Իսպանիայի Մալագա քաղաքում հայկական եկեղեցի է բացվել

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը հուլիսի 21-23-ը հովվական այցով Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաք է այցելել, ինչի նպատակը եղել է Մալագայում նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններն էին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանից։

«Արարողությունից առաջ Սրբազան Հայրը` ուղեկցությամբ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ` Տեր Շնորհք աբղ. Սարգսյանի հանդիպում ունեցավ տեղի եկեղեցական խորհրդի անդամների հետ` քննարկելու համար առաջիկայում եկեղեցու վերջնական օծման, կիրակնօրյա դպրոցի բացման և ընդհանրապես համայնքային կյանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո ըստ պատշաճի կազմակերպելու հարցեր:

Ժողովից հետո Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ և ընթերակայությամբ հայրապետական պատվիրակի փոխանորդի կատարվեց եկեղեցու «Դռնբացեքի» արարողություն և Սրբապատկերի օծման կարգ:

Արարողության ավարտին Սրբազան Հայրը խոսքն ուղղելով բոլոր ներկաներին նշեց, որ այս եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի տունը և բոլորը հոգ պետք է տանեն այն կյանքով լցնելու համար:

Սրբազան Հայրը նաև իր գնահատանքի խոսքը բերեց, բոլոր բարերարներին, ովքեր մտահաղացել ու միասնականորեն իրականություն են դարձրել Իսպանիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու գաղափարը, որն ի դեպ առաջին հայկական եկեղեցին է ողջ Իսպանիայի տարածքում:

Հավարտ եկեղեցական արարողությունների, եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, ուր հնչեցին Կոմիտասի Պատարագից հատվածներ և այլ կոմիտասյան ազգային երգեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը