Լրահոս

26.07.2022 17:04


Ղազարավան գյուղի 3 բնակիչ, այդ թվում՝ մեկ կին, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են

Ղազարավան գյուղի 3 բնակիչ, այդ թվում՝ մեկ կին, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են

Այսօր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ 52-ամյա Վարդուհի Հակոբյանն է։ Նույն պահին «աջ ոտնաթաթի կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 քաղաքացի։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նա նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գոռ Հակոբյանն է։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 3-ին «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Աշտարակի ոստիկանները պարզում են, որ նա նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գնել Հակոբյանն է։

Ոստիկանությունը պարզել է, որ ժամը 02։00-ի սահմաններում Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Գ․ Մովսիսյանը իր բարեկամին պատկանող ԻԺ-43 տեսակի 16 մմ տրամաչափի հրազենով կրակել է Տ․ Սարգսյանի ուղղությամբ, ապա հետապնդելով նրան, գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում կրկին կրակել է նրա ուղղությամբ, ինչի հետևանքով Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները ստացել են հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանները, այնուհետև նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճներ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։

Ոստիկանները հայտնաբերել են Տ․ Սարգսյանին և նրան ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ Գ․ Մովսիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը