Աշխարհ

01.08.2022 13:42


Եթե Նենսի Փելոսին այցելի Թայվան, Չինաստանի բանակը ձեռքերը ծալած չի նստի. պաշտոնական Պեկինը սպառնացել է ԱՄՆ-ին

Եթե Նենսի Փելոսին այցելի Թայվան, Չինաստանի բանակը ձեռքերը ծալած չի նստի. պաշտոնական Պեկինը սպառնացել է ԱՄՆ-ին

Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան այցի դեպքում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Եթե Փելոսին այցելի Թայվան, դա կլինի կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին քաղաքականությանը... և կհանգեցնի շատ լուրջ հետևանքների: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստի»,-ընդգծել է նա ճեպազրույցում։

Դիվանագետի կարծիքով՝ Փելոսիի այցը Թայվան ապակայունացնի իրավիճակը Թայվանի նեղուցում և հարված կհասցնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։

«Չինաստանն անպայման կձեռնարկի ուժեղ և արդյունավետ հակաքայլեր»,-ասել է Չժաո Լիցզյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Փելոսին, որը զբաղեցնում է ԱՄՆ կառավարության հիերարխիայի երրորդ կարևորագույն պաշտոնը, ծրագրում է օգոստոսին այցելել Թայվան։ Այս մասին հայտնել են Financial Times եւ Politico թերթերը։ Հրապարակումների համաձայն՝ նա պատրաստվում էր այց կատարել դեռ ապրիլին, սակայն չեղարկել է այն կորոնավիրուսի պատճառով։ Այս այցը կլինի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի 25 տարվա ընթացքում առաջին այցը կղզի։

Փելոսիի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնել է Ասիա՝ այցելելու Սինգապուր, Մալայզիա, Հարավային Կորեա և Ճապոնիա։ Ամերիկացի քաղաքական գործիչը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք մտադիր է այցելել Թայբեյ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կատարած շրջագայության ընթացքում։

Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ-շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախել են կղզի՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր Թայբեյը պահպանել է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն են ունեցել մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում է երկրների մեծ մասը, Թայվանը Չինաստանի նահանգներից մեկն է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը